Բաժին. Տնտեսական

2010Թ.-ԻՆ ՀՀ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 222 ՄԼՆ ԴՈԼԱՐ

2010 թվականի ընթացքում օտարերկրյա ներդրումները շարունակել են հոսել ՀՀ ՏՀՏ ոլորտ: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2010 թվականի արդյունքներով միայն հեռահաղորդակցության ոլորտում օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը կազմել է 222 007.7 հազար ԱՄՆ դոլար, ընդ որում այս գումարները Հայաստան հոսել են այնպիսի դոնոր-երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան (այս երկիրը «Օրանժ-Արմնեիա» ընկերության միջոցով նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում կատարել է շուրջ 50 մլն դոլարի ներդրում), Ռուսաստանը, Ավստրիան և Լիբանանը: Այստեղ հարկ է նշել, որ հեռահաղորդակցության ոլորտը հենց այն բիզնես-միջավայրն է, որն առավել գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար: ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի շուրջ 31,6%-ն ուղղվել է այս ոլորտ: Նշենք նաև, որ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ հեռահաղորդակցության ոլորտ «հոսած» օտարերկրյա ներդրումների գերակշիռ մասը (90%-ը) «տեղ է հասել» ուղղակի ներդրումների տեսքով:
Միևնույն ժամանակ, 2010 թվականի արդյունքներով ծրագրային ապահովության մշակման և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվել է 3534.4 հազար ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումներ` Գերմանիայի, Ղազախստանի և ԱՄՆ-ի ներդրողների կողմից: ԱՄՆ ներդրողներն առավել ակտիվ են եղել նաև տեղեկատվական ծառայությունների մատուցման և գիտական հետազոտությունների ու մշակումների ոլորտներում: Այս ուղղություններով ամերիկյան ներդրումները կազմել են համապատասխանաբար 538.5 հազար ԱՄՆ դոլար և 3117.7 հազար ԱՄՆ դոլար:
Share