Բաժին. Տնտեսական

ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԿՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ԶԳԱԼԻ Է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հանրապետությունում իրականացված շինարարության հիմնական ցուցանիշներն` ըստ ֆինանսավորման աղբյուրների: «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն, հաշվետու ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում շինարարության ընդհանուր ծավալները կրճատվել են 5.1%-ով և ընթացիկ գներով կազմել 38937.7 մլն ՀՀ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 10.1%-ը, որը կազմել է 3930.4 մլն դրամ, իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, 61.0%-ը (23751.4 մլն դրամ)` կազմակերպությունների միջոցների հաշվին,  8.7%-ը (3376.6 մլն դրամ)` բնակչության միջոցների հաշվին, իսկ 5.5%-ը (2151.3 մլն դրամ)` միջազգային վարկերի հաշվին: 

Հատկանշական է, որ հաշվետու ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության համախառն ծավալները, համադրելի գներով, աճել են շուրջ 40%-ով: Միևնույն ժամանակ, միջազգային և տարածաշրջանային տնտեսական կազմակերպություններից ստացված վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալները նվազել են 57.4%-ով:

Նշենք նաև, որ հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության ընդհանուր ծավալի 3.3%-ն իրականացվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկի հաշվին, 1.3%-ը` Գերմանիայի զարգացման բանկի վարկի հաշվին, 0.5%-ը` Ասիական զարգացման բանկից ստացված վարկի հաշվին:

Share