Բաժին. Տնտեսական

ՄԱՅԻՍԻՆ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է 9.9% ԱՃ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի մայիս ամսվա` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Հրապարակված վիճակագրության համաձայն, մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.9%-ով: Միևնույն ժամանակ, ապրիլ ամսվա համեմատությամբ ցուցանիշը գրանցել է 13.7% աճ:
Նշենք, որ  ապրիլին ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել էր 7.7% աճ: Վերանայված տվյալների համաձայն` մարտին տարեկան կտրվածքով գրանցվել է տնտեսական ակտիվության 0.3% աճ, փետրվարին` 0.9% աճ, իսկ հունվարին` 6.1% աճ: Այսպիսով, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերի կտրուկ անկումից հետո մեր տնտեսությունը ապրիլ-մայիսին կրկին «ցուցադրել է» աճի համեմատաբար բարձր տեմպ:
Մայիսին տարեկան կտրվածքով հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 25.1% աճ: Հաշվետու ամսվա արդյունքներով արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 82815.3 մլն դրամ: Ցուցանիշը մայիսին ապրիլ ամսվա համեմատությամբ գրանցել է 11.4% աճ:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա արդյունքներով գյուղատնտեսության ոլորտում, տարեկան կտրվածքով, գրանցվել է ընդամենը 0.1% աճ: Մայիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 52257.8 մլն դրամ: Սեզոնային գործոններով պայմանավորված` մայիսին ապրիլ ամսվա համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է շուրջ 49.2%-ով:
Share