Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԻՍԻՆ ՄԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄԵԼ Է 114 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի հունիս ամսվա արդյունքներով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում ինչպես տարեկան, այնպես էլ ամսական կտրվածով ՀՀ-ում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում:

Այսպես, հաշվետու ամսվա արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում բարձրացել է 4.9%-ով և կազմել 114 138 դրամ:  Այս նույն ամսվա ընթացքում միայն պետական հատվածում տարեկան կտրվածքով գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 4.2% աճ (89 637 դրամ), իսկ ոչ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.5%-ով և կազմել 142 883 դրամ:
 
Հրապարակած տվյալների համաձայն, հունիսին մայիս ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է 3.2%-ով, ընդ որում ամսական կտրվածքով պետական հատվածում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.1% աճ, իսկ ոչ պետական հատվածում` 4.8% աճ:

Share