Բաժին. Տնտեսական

ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

2011թ. մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 16643 գործարքներ, որոնց քանակը 2011թ. ապրիլի համեմատ աճել է 2.0%-ով, իսկ 2010թ. մայիսի համեմատ` 23.1%-ով: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փոխանցմամբ` 2011թ. մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ծավալի 32.3%-ը բաժին է ընկել մայրաքաղաքին, մինչդեռ ՀՀ մարզերում անշարժ գույքի շուկաները շարունակել են պահպանել իրենց կայուն պասիվությունը: Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների տեսանկյունից փոքր-ինչ ակտիվություն գրանցվել է Կոտայքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում:

Միևնույն ժամանակ,  հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների բաշխվածության տեսանկյունից նույնպես շուկայում զգալի տեղաշարժեր չեն գրանցվել: Այսպես, այս մեկ ամսվա ընթացքում  անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների զգալի մասը` շուրջ 24.4%-ը, օտարման գործարքներ են,15.9%-ը` առաջնային գրանցման, 15.5%-ը`  գրավադրման, 4.7%-ը` վարձակալության, 12.1%-ը` ժառանգության:

Նշենք նաև, որ 2011թ.  մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված  4065 օտարման գործարքների 79.6%-ը կազմել են առուվաճառքները, 19.5%-ը` նվիրատվությունները և 1.0%-ը`  փոխանակությունները:

Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի  39.1%-ն  արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 37.1%-ը հանդիսանում են  բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
2011թ. մայիսին, 2011թ. ապրիլի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների  քանակն աճել է 1.5%-ով, իսկ 2010թ. մայիսի համեմատ` 21.7%-ով:
Share