Բաժին. Տնտեսական

ՀՈՒԼԻՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ՄՐԳԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 34%-ՈՎ ԵՎ 23%-ՈՎ

2011թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գների ընդհանուր մակարդակի 5.9% նվազում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի, մրգի ապրանքախմբերի 34.9% և 23.3% գնանկման արդյունք է:  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 34.9-0.1% գնանկում, 4-ում` 0.1-2.9% գնաճ,  իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ. հուլիսին 2010թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 16.5%, իսկ 2011թ. հունիսի համեմատ` 34.9% գնանկում: Հատկանշական է, որ հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են, ընդհանուր առմամբ, 36.4-24.8%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

Մրգի ապրանքախմբում 2011թ. հուլիսին 2010թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 3.3% գնաճ, իսկ 2011թ. հունիսի համեմատ` 23.3% գնանկում, իսկ կաթնամթերքի ապրանքախմբում` համապատասխանաբար 20.5% գնաճ և 1.4% գնանկում:

2011թ. հուլիսին 2010թ. հուլիսի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցվել է 16.3% գնաճ, իսկ 2011թ. հունիսի համեմատ` 0.6% գնանկում (հիմնականում պայմանավորված բարձր և առաջին տեսակի ալյուրների` համապատասխանաբար 3.6% և 1.3%  գնանկումով): Միևնույն ժամանակ, 2011թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի, ձկնամթերքի, շաքարավազի, ոչ ոգելից խմիչքի 1.1-0.1% գնանկում, իսկ կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում  գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մսամթերքի ապրանքախմբում 2011թ. հուլիսին 2010թ. հուլիսի համեմատ գրանցվել է 12.0%, իսկ 2011թ. հունիսի համեմատ`2.9% գնաճ: Վերջինս հիմնականում ոչխարի, տավարի և խոզի մսերի համապատասխանաբար 4.1%, 4.2% և 14.0% գնաճի արդյունք է:  2011թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է այլ մթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի, հրուշակեղենի, սուրճի, թեյի, կակաոյի  0.1-0.9% գնաճ:

Փաստենք, որ 2011թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 30.7%: Վերոհիշյալ ապրանքախմբերը, սպառողական զամբյուղում ունենալով 9.92% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը`  3.04  տոկոսային կետով:

Share