Բաժին. Տնտեսական

ՀՈՒԼԻՍԻՆ ՀՈՒՆԻՍԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 0.8% ԳՆԱՆԿՈՒՄ

2010թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 1.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% հավելաճ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ. հուլիսին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.7%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 104.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.6%, ծառայությունների սակագներինը՝ 103.5%:

2010թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5%, ինչը 0.2 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.3%): 2010թ. հուլիսին 2009թ. հուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 107.8%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 108.9%, ոչ պարենային ապրանքներինը` 107.4%, ծառայությունների սակագներինը`106.3%, իսկ հունվար-հուլիսին 2009թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 107.4%, 105.6, 112.5 և 108.1%:

2010թ. հուլիսին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 130.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 127.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 123.8%, ծառայությունների սակագներինը՝ 138.9%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2010թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.4-0.2%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Արտաշատ քաղաքներում): Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.8%-ով:

Share