Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԻՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ 2.3% ԱՃ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի հունիս ամսվա` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Հրապարակված վիճակագրության համաձայն` հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է 2.3% աճ: Միևնույն ժամանակ, հունիսին մայիս ամսվա համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է տնտեսական ակտիվության 9.6% աճ:

Այսպիսով, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերի կտրուկ անկումից հետո մեր տնտեսությունը ապրիլ- հունիս ամիսներին կրկին «ցուցադրել է» աճի համեմատաբար բարձր տեմպ: 

Նշենք նաև, որ հունիսին տարեկան կտրվածքով հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 24.7% աճ: Հաշվետու ամսվա արդյունքներով արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 87199.0  մլն դրամ: Ցուցանիշը հունիսին մայիս ամսվա համեմատությամբ գրանցել է 5.8% աճ:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա արդյունքներով գյուղատնտեսության ոլորտում, տարեկան կտրվածքով, գրանցվել է 10.1% աճ:  Հունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 66332.9 մլն դրամ: Սեզոնային գործոններով պայմանավորված` հունիսին մայիս ամսվա համեմատությամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է շուրջ 40.8%-ով:

Share