Բաժին. Տնտեսական

ՀՀ-ՈՒՄ ԱՊՐԻԼԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ 9,1% ՀԱՎԵԼԱՃ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2010թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է գների 2.2% հավելաճ, որի վրա էական ազդեցություն է ունեցել բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների 9.1% հավելաճը: Նշված կոմունալ ծառայություններից խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի վաճառքի սակագները 2010թ. ապրիլի 1-ից թանկացել են 37.5%-ով, իսկ խմելու ջրի մատակարարման սակագները 5.5%-ով (պայմանավորված Շիրակի և Լոռու մարզերում խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագների` համապատասխանաբար 1.9 անգամ և 1.6 անգամ թանկացմամբ): 

2010թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բուժսպասարկման 0.1%, կենցաղային բնույթի 0.3%, հանգստի կազմակերպման 1.1% ծառայությունների սակագների հավելաճ: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է տրանսպորտի, կապի, մշակույթի ոլորտի ծառայությունների սակագների 0.2-0.1% նվազում, իսկ կրթության համակարգի, հանրային սննդի, իրավական ու բանկային ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 1.9-3.6% հավելաճ, ընդ որում, սակագների առավել բարձր աճ արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 1.9%-ով:

Share