Բաժին. Տնտեսական

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 32,7%-ՈՎ

2010թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 0.7% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մսամթերքի, կենդանական և բուսական յուղերի, շաքարավազի, մրգի 0.9-4.8% գնաճով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-4.8% գնաճ, իսկ 3-ում` 7.0-1.3% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.2%, իսկ 2010թ. մարտի համեմատ` 4.8% գնաճ: Կիտրոնի, ադամաթզի, խաղողի, տանձի, նարնջի, մանդարինի, նռան գները 2010թ. ապրիլին մարտի նկատմամբ աճել են 1.5-26.4%-ով: Հանրապետության դիտարկված քաղաքներում մրգի գներն աճել են 2.0-8.2%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել ք. Վանաձորում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4.7%-ով:

2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 32.7%, իսկ 2010թ. մարտի համեմատ` 4.5% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. ապրիլին մարտի համեմատ շաքարավազի գինն աճել է 2.1-6.3%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 4.9%-ով:

Ներկայացված տվյալների համաձայն 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենդանական և բուսական յուղերի 5.5%, իսկ 2010թ. մարտի համեմատ` 2.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի 4.5% գնաճով: 2010թ. ապրիլին մարտի համեմատ մարգարինի գինն աճել է 1.3%-ով, բուսական յուղինը (արևածաղկի)`1.8%-ով, այլ յուղերինը (հալած յուղ)` 2.2%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում կենդանական և բուսական յուղերի գներն աճել են 1.0-3.9%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Թալին քաղաքում: Մայրաքաղաքում կենդանական և բուսական յուղերի գներն աճել են 3.3 %-ով:

Հրուշակեղենի ապրանքախմբում 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ գրանցվել է 6.3%, իսկ 2010թ. մարտի համեմատ`2.1% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է տեղական արտադրության կոնֆետների 2.5% գնաճով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է հրուշակեղենի 0.7-7.4% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում հրուշակեղենի գներն աճել են 1.5%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ գրանցվել է 14.8%, իսկ 2010թ. մարտի համեմատ`0.9% գնաճ: Խոզի, տավարի և ոչխարի մսերի գները 2010թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում թանկացել են` համապատասխանաբար 0.2%, 0.5 և 1.2%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2010թ. ապրիլին մարտի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-4.3%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում), իսկ մյուս 2 քաղաքներում գրանցվել է 1.4-0.2% գնանկում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.1%-ով:

2010թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի, այլ մթերքի, հացամթերքի 0.1-1.0% գնաճ: 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ ձվի հանրապետական միջին գինը նվազել է 9.9%-ով, իսկ 2010թ. մարտի համեմատ` 1.3%-ով: Արտաշատ, Մարտունի, Երևան և Վանաձոր քաղաքներում 2010թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է ձվի 10.0-1.1% գնանկում: Հանրապետության դիտարկված մյուս 4 քաղաքներում արձանագրվել է ձվի 0.8-11.1% գնաճ, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2010թ. ապրիլին 2009թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.7% գնաճ, իսկ 2010թ. մարտի համեմատ` 3.4% գնանկում: Վարունգի, կանաչ սոխի, կարտոֆիլի, խառը կանաչեղենի կանաչ պղպեղի, սխտորի, լոլիկի, կաղամբի գները 2010թ. ապրիլին մարտի համեմատ նվազել են 19.0-1.3%-ով:

Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է ճակնդեղի 0.1%, գլուխ սոխի 1.2%, գազարի 5.6% գնաճ: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գները նվազել են 6.0-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում): Մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4.7%-ով, իսկ մյուս 2-ում գրանցվել է 1.6-7.9% գնաճ:
Share