Բաժին. Տնտեսական

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ 83%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ

2011 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով ՀՀ առևտրի շրջանառության 83%-ը բաժին է ընկել մայրաքաղաքին, մինչդեռ ՀՀ մարզերի բնակիչները առևտրի ոլորտում ցուցաբերել են զգալի պասիվություն: Առևտրի աշխուժության տեսանկյունից ՀՀ մարզերից որոշակիորեն առանձնանում են Կոտայքի (բաժին է ընկնում ՀՀ առևտրի շրջանառության 3,2%-ը), Արարատի (2.7%) և Շիրակի (2.6%) մարզերը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից`  ՀՀ մյուս մարզերին բաժին է ընկնում առևտրի «հանրապետական» շրջանառության 2.5%-ից պակաս ծավալ: 

2011 թվականի հունվար-մարտ ամիսների արդյունքներով գրանցված ցուցանիշների համաձայն` միջին հաշվով մեկ բնակչին ընկնող մանրածախ առևտրի շրջանառությունը միայն Երևան քաղաքում կազմում է 174 հազար դրամ, մինչդեռ մարզերում այս ցուցանիշը չի գերազանցում 30 հազարը:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով ՀՀ-ում առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 365214.5 մլն. դրամ, որը 2010 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել  է 2.7%-ով:

Share