Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հանրապետությունում 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխության դինամիկան ներկայացնող ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով անվանական միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 100 699 դրամ, իսկ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում այս ցուցանիշը սահմանվել է 98 271 դրամ մակարդակում: 2008 թվականի սեպտեմբերի համեմատությամբ անվանական միջին աշխատավարձն աճել է 8,7%-ով, իսկ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համեմատությամբ` 11,9%-ով:

Հայաստանում ամսական միջին աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ֆինանսական ոլորտում: Այս տարվա սեպտեմբեր ամսվա արդյունքներով ֆինանսական ոլորտում անվանական միջին աշխատավարձը կազմել է 245 131 դրամ, իսկ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում` 260 411 դրամ: Անցյալ տարվա ցուցանիշների հետ համեմատած` սեպտեմբերին ֆինանսական ոլորտում անվանական միջին աշխատավարձը կրճատվել է 3,1%-ով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատությամբ անվանական միջին աշխատավարձն աճել է 0,8%-ով:

Անվանական միջին աշխատավարձի ցուցանիշով ֆինանսական ոլորտին հաջորդում է հանքարդյունաբերության ոլորտը: Այստեղ ընթացիկ տարվա սեպտեմբերին անվանական միջին աշխատավարձը կազմել է 171 294 դրամ, իսկ հունվար-սեպտեմբերին ` 175 224 դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանքարդյունաբերական ոլորտում ամսական միջին աշխատավարձը սեպտեմբերին կրճատվել է 2,6%-ով, իսկ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համեմատությամբ այս ցուցանիշը կրճատվել է 15.0%-ով:

Անվանական միջին աշխատավարձի ամենացածր մակարդակը գրանցվել է ձկնորսության, ձկնաբուծության և առողջապահության ու սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտներում: Ձկնորսության և ձկնաբուծության ոլորտում 2009 թվականի առաջին ինն ամսիներին անվանական միջին աշխատավարձը կազմել է 54 949 դրամ, իսկ առողջապահության ու սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտներում` 64 222 դրամ:

Նշենք նաև, որ պետական կառավարման հատվածում այս տարվա ինն ամիսների արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 112 521 դրամ, կրթության ոլորտում` 75 988 դրամ, տրանսպորտի և կապի ոլորտում` 120 071 դրամ:

 

Share