Բաժին. Տնտեսական

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄՏՆՈՒՄ ԵՆՔ ԴԵՖԼՅԱՑԻՈՆ ՓՈՒԼ»

Վերադառնում ենք գնաճի այն ցուցանիշներին, որ Կենտրոնական բանկը ծրագրել էր։ Նման հայտարարությամբ երեկ` հունիսի 30-ին, ՀՀ կառավարության նիստի շրջանակներում հանդես է եկել  վարչապետ Տիգրան Սարգսյանը:  «1.4 տոկոսանոց գնանկումը նշանակում է, որ մենք մտնում ենք դեֆլյացիոն փուլ, և այն ևս երկու ամիս պետք է շարունակվի։ Տարվա սկզբից մենք ունենք 3.5 տոկոսանոց գնաճ։ Ակնկալվում է, որ հուլիս-օգոստոսին ևս կարձանագրվի գնանկում» – ընդգծել է վարչապետը:  

Նշենք որ երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ կառավարության անդամներին 2011թ. հունվար-հունիս ամիսների աշխատանքի արդյունքներն է ներկայացրել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահը։ Վերջինիս տեղեկացմամբ` 2011թ. հունիսի սպառողական գների ինդեքսը մայիս ամսվա նկատմամբ կազմել է 98.6 տոկոս կամ գների մակարդակը մեկ ամսում նվազել է 1.4 տոկոսով։ Արդյունքում, 2011թ. հունիս ամսին 2010թ. դեկտեմբերի նկատմամբ գնաճի ինդեքսը կազմել է սպառողական գների մասով` 103.5 տոկոս, 2011 թ. հունիսին 2010թ. հունիսի նկատմամբ, այսինքն` 12-ամսյա կտրվածքով` 108.5 տոկոս, 2011 թ. հունիսին 2010 թ. նկատմամբ սպառողական գների ինդեքսը կազմել է 107.8 տոկոս, իսկ 2011թ. հունվար–հունիսին 2010 թ. հունվար–հունիսի նկատմամբ սպառողական գների ինդեքսը` 109.9 տոկոս։

Share