Բաժին. Տնտեսական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՓԵՏՐՎԱՐԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ 1,4%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թվականի փետրվար ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակտրոտնտեսական ցուցանիշները: Հրապարակված վիճակագրության համաձայն,  այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 1.4%-ով: Միևնույն ժամանակ, փետրվարին հունվար ամսվա համեմատությամբ ցուցանիշը գրանցել է 3,7% աճ:
Նշենք, որ հունվարին տարեկան կտրվածքով հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 7,7% աճ: Այսպիսով, այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերի կտրուկ անկում:
Միևնույն ժամանակ, փետրվարին տարեկան կտրվածքով հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 2,6% աճ: Հաշվետու ամսվա արդյունքներով  արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 68950.7 մլն դրամ: Ցուցանիշը փետրվարին հունվար ամսվա համեմատությամբ աճել է 5.5%-ով:
Հաշվետու ամսվա արդյունքներով գյուղատնտեսության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է 0,1% աճ: Փետրվարին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 20016.9 մլն դրամ: Հունվար ամսվա համեմատությամբ ցուցանիշի աճը կազմել է 26,3%:
Հիշեցնենք, որ ազգային վիճակագրական ծառայություները ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդաբանությունից անցում է կատարել տնտեսական ակտիվության ցուցանիշի հաշվարկմանը: Ի տարբերություն համախառն ներքին արդյունքի ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում  է տնտեսական գործունեության տեսակների թողարկման ծավալների, ոչ թե ավելացված արժեքների ծավալների  հիման  վրա և չի  ներառում  արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները:
Share