Բաժին. Տնտեսական

ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 25.6%-ՈՎ

2011թ.  հունիսին մայիս ամսվա համեմատությամբ ՀՀ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գների ընդհանուր մակարդակի 2.9% անկում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` գների նվազմանը մեծապես նպաստել է հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 25.6%  գնանկումը: 

Ըստ հրապարակված տվյալների` դիտարկվող պարենային 13  ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 25.6-0.1% գնանկում, 6-ում` 0.1-4.6% գնաճ,  իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ.  հունիսին 2010թ. հունիսի համեմատ արձանագրվել է 14.6% գնաճ,  իսկ 2011թ. մայիսի համեմատ` 25.6%  գնանկում: Նշենք, որ այս  ապրանքախումբը,  սպառողական  զամբյուղում ունենալով 6.26%  տեսակարար  կշիռ,  նշված  ժամանակահատվածում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը` 1.61 տոկոսային կետով:

2011թ.  հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձկնամթերքի, կաթնամթերքի, ձվի, հացամթերքի, այլ մթերքի 0.8-0.1% գնանկում:  Միևնույն ժամանակ, մրգի ապրանքախմբում 2011թ.  հունիսին 2010թ.  հունիսի համեմատ արձանագրվել է 29.7%,  իսկ 2011թ. մայիսի համեմատ` 4.6% գնաճ:  Մայրաքաղաքում մրգի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 3.0%-ով:

Սուրճի, թեյի, կակաոյի   ապրանքախմբում 2011թ. հունիսին 2010թ. հունիսի համեմատ գրանցվել է 11.3%,  իսկ 2011թ. մայիսի համեմատ` 4.6%  գնաճ:  Վերջինս մեծապես պայմանավորվել է սուրճի 5.8%  գնաճով:

Մսամթերքի ապրանքախմբում 2011թ.  հունիսին 2010թ.  հունիսի համեմատ գրանցվել է 9.0%,  իսկ 2011թ.  մայիսի համեմատ`2.3%  գնաճ:  Վերջինս հիմնականում պայմանավորվել է տավարի մսի 5.0%  թանկացումով: 2011թ.  հունիսին մայիսի համեմատ խոզի մսի գինն աճել է 0.3%-ով,  իսկ ոչխարի մսինը`  1.3%-ով: 

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2011թ.  հունիսին 2010թ.  հունիսի համեմատ   գրանցվել է 19.9%, իսկ 2011թ. մայիսի համեմատ` 1.3% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է կարագի 2.7% և բուսական յուղի (եգիպտացորենի) 2.9%  գնաճով:

2011թ.  հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի, ոգելից խմիչքի և ծխախոտի, շաքարավազի 0.1-0.3%  գնաճ,  իսկ ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Share