Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՏԱԼԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Երեկ` մայիսի 10-ին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող  Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա շրջանի պատվիրակությանը և ՀՀ-ում  Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Այս մասին տեղեկացնում են  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման շրջանակներում Կարեն Կարապետյանը, ներկայացնելով  քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականությունը, նշել է  այն ուղղությունները, որոնք  գործարար հետաքրքրություն կարող են ներկայացնել ներդրումների  համար:  Գնահատելով իտալական քաղաքաշինական մշակույթը` քաղաքապետն առաջարկել է քննարկել համատեղ ճարտարապետական դիզայնի կենտրոնի ստեղծման նախագիծը, ինչպես նաև դիտարկել առողջապահության,  աղբահանության, կանաչապատման և քաղաքային տնտեսության կառավարման այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության մեխանիզմները: Կարեն Կարապետյանի համոզմամբ` հարաբերություններին նոր թափ հաղորդելու բոլոր նախադրյալները կան.«Մենք պատրաստ ենք ձեր այցի ընթացքում  կոնկրետ ծրագրեր քննարկել և աշխատանքային կարգով տեղեկատվություն փոխանակել»,- նշել է քաղաքապետը:
Շրջանի  նախագահ Տոնդո Ռենցոն, խոսելով տարիների արդյունքում ձևավորված  հայ-իտալական  գործուն հարաբերությունների մասին, պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և խորացնել գործակցությունը փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Պատվիրակության կազմում ընդգրկված են տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, ինչը, պատվիրակության ղեկավարի կարծիքով, լավ հարթակ է  գործարար շփումների համար: «Այս օրերի ընթացքում կգրանցենք գործակցության բոլոր հնարավորությունները և, իտալացի գործարարների մտադրությունների հետ համադրելով, երկխոսության լավ արդյունք կստանանք»,- ասել է պատվիրակության ղեկավարը:
Share