Բիզնես 24 - Տնտեսական, Ֆինանսական և Բիզնես Լրատվություն / Հայկական Բիզնես Լուրեր Գյուղտեխնիկայի լիզինգի տոկոսադրույքը կսուբսիդավորվի կառավարության տնտեսած միջոցներով ---------------------- 20-03-2017 23:38 ՀՀ գյուղատնտեսության զարգացման նորաստեղծ հիմնադրամը ֆինանսավորելու է ոլորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: Այդ մասին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով գյուղոլորտի զարգացման մասին հարցին: «Ամեն տարի պարարտանյութ ներկրողին սուբսիդավորել ենք 2,3 միլիարդ դրամ, այս տարի մրցույթն այնպես ենք կազմակերպել, որի արդյունքում տնտեսել ենք 1,2 միլիարդ դրամ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի պարտրարտանյութ ներկրողը կառավարությունից պահանջում էր 5 միլիարդ դրամ կանխավճար, ինչն այս տարի չենք հատկացրել: Տնտեսված այս միջոցներն ուղղել ենք գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին, որով գյուղտեխնիկան հատկացվելու է 9 տոկոսով, մեր տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարելու է կառավարությունը ու գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծեց Կարեն Կարապետյանը: Վարչապետը տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներով հանրապետությունով հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա նաև տեխնիկան վարձակալել: «Այս ամենը կնպաստի գյուղոլորտում ծախսերի նվազեցմանը, արդյունավետության բարձրացմանը: Ընդհանրապես, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները շուկայական գների համեմատ մաքսիմալ ցածր գներով պետք է հատկացնենք»,- ասել է վարչապետը: