Բիզնես 24 - Տնտեսական, Ֆինանսական և Բիզնես Լրատվություն / Հայկական Բիզնես Լուրեր ԶՈՒ տեխնիկական բազան համալրվեց 16 հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակով ---------------------- 14-06-2019 13:53 Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեխնիկական բազան համալրվեց 16 հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակով: Դրանք կբաշխվեն պայթունավտանգ և հրդեհավտանգ զորամասերում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում հունիսի 14-ին տեղի ունեցավ զորամասերին ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների բաշխման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը: «Ինչպես զինված ուժերի բոլոր զորատեսակներում, այնպես էլ Զինված ուժերի թիկունքի վարչության հրշեջ-փրկարարական վարչությունում իրականացվում է տեխնիկական միջոցների նորացման աշխատանք: Զինված ուժերի հակահրդեհային ապահովումը չափազանց կարևոր է, քանզի այն ուղղված է մեր պաշտպանական միջոցների անվտանգ շահագործմանը: Հրշեջ ծառայությունների զարգացման և նորացման նպատակով այս տարվա առաջին կիսամյակում ձեռք են բերվել արդիական հրշեջ մեքենաներ: Այս նոր ձեռքբերումները պետք է պարտավորեցնեն առավել պատասխանատու կերպով իրականացնելու ձեր ծառայողական պարտականությունները»,- հրշեջ-փրկարարներին ասաց Գալստյանը: Լրագրողների հետ զրույցում ԶՈՒ թիկունքի վարչության հակահրդեհային տեսչության պետ, փոխգնդապետ Սարգիս Մազմանյանը նշեց, որ նմանատիպ համալրումները լինելու են շարունակական: «Զինված ուժերի ծրագրերի համապատասխան՝ բաշխվելու են հիմնականում պայթունավտանգ և հրդեհավտանգ զորամասերում: Դրանով իրականացվում է և ավտոպարկերի թարմացում, և համալրում»,- ասաց Մազմանյանը: