Բիզնես 24 - Տնտեսական, Ֆինանսական և Բիզնես Լրատվություն / Հայկական Բիզնես Լուրեր Հարկերի վճարումն ուղղակիորեն ազդում է ՀՀ քաղաքացու կյանքի բարելավման վրա․ Տիգրան Ավինյան ---------------------- 04-07-2019 14:41 ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերի գումարը գոյացել է հավելյալ հավաքագրումից, որոնք քաղաքացիների վարքագծից ելնելով Պետական եկամուտների կոմիտեն կարողացել է հավաքագրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 4-ի ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այս գործընթացը պետք է լինի շարունակական՝ ՀՀ քաղաքացիները պետք է շարունակեն պահանջել ՀԴՄ կտրոններ, իսկ տնտեսավարողները պետք է լինեն բարեխիղճ հարկատուներ, որովհետև մենք ճիշտ ուղղություններով ենք այս գումարները ծախսում՝ մարդկային կապիտալի զարգացման համար։ Դրանք են առողջապահական, կրթական, գիտության, ենթակառուցվածքների ծրագրերը»,- ասաց Ավինյանը։ Փոխվարչապետն անհրաժեշտ է համարում անընդհատ այս թեմային անդրադառնալը, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա և տեսնի, որ հարկեր վճարելու և ՀԴՄ կտրոններ պահանջելու առումով պատասխանատու մոտեցումն ուղղակիորեն ազդում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա։ «Միևնույն ժամանակ, տնտեսավարողների համար պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք և մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք։ Էկոնոմիկայի նախարարությունը որպես այդ գործընթացի պատասխանատու բավականին լավ ներգրավված է և առաջ է տանում այդ հարցերը»,- եզրափակեց Ավինյանը։