Բիզնես 24 - Տնտեսական, Ֆինանսական և Բիզնես Լրատվություն / Հայկական Բիզնես Լուրեր Ներդրողներն ուղղորդվում են դեպի Հայաստան. նախագահ Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն սննդարտադրողներից մեկի ղեկավարության հետ ---------------------- 29-06-2019 17:27 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ շարունակելով ներդրողներ ու ներդրումներ բերել Հայաստան։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շվեյցարիա աշխատանքային այցի ընթացքում նախագահը հանդիպել է գյուղմթերքների համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ Cargill ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Գերթ Ժան վան դեր Աքերի հետ։ Նախագահ Սարգսյանը կարևորել է Cargill֊ի նման տնտեսական հսկաների հնարավոր մուտքը Հայաստան և նշել, որ մեր երկիրը բավարար ներուժ և հնարավորություններ ունի ինչպես սննդի արտադրության, այնպես էլ սննդի անվտանգության ոլորտում համագործակցելու համար։