Ֆինանսական

Ներկայացվել է 2022-ի պետբյուջեի նախագիծը

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկվում էր «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Այսպիսով, ըստ նախագծի՝ նախատեսվում է 7 տոկոս տնտեսական աճ:

Այս պահին կառավարության ունեցած գնահատականներով 2021-ին տնտեսական աճի կանխատեսումը գտնվում է 6.5 տոկոս սահմաններում, 7 տոկոսն այն թիրախային գնահատականն է, որ դրված է 2022-ի բյուջեի հիմքում: Ֆինանսների նախարարը նկատեց՝ դրանք ուղեկցվում են այս տարվա համար բավականին բարձր գնաճային ֆոնով:

«Եկող տարվա համար մենք սպասում ենք, որ գնաճային միջավայրը կվերադառնա օրենքով սահմանված միջակայք: Այսպիսով` կապահովվի ավելի կայուն մակրոմիջավայր»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով նրան, թե հաջորդ տարվա տնտեսական աճին որ ճյուղերն առավելապես կնպաստեն՝ նախարարն ասաց. «Եթե այս տարի ծառայություններն են տնտեսական աճի հիմնական ուղղորդող հատվածը, ապա եկող տարի դրանք պետք է լինեն շինարարությունն ու արդյունաբերությունը: Իսկ ծախսային բաղադրիչների տեսանկյունից ավելի մեծ ազդեցություն կլինի վերջնական սպառման և արտահանման ազդեցությամբ»:

Ըստ ներկայացվող նախագծի՝ 2022-ի կապիտալ ծախսերը կավելանան 55 տոկոսով՝ կազմելով 347 մլրդ դրամ:

Գալիք տարում նախատեսված է ավելացնել նաև պետբյուջեի եկամուտները, որոնք կազմում են 1 տրիլիոն 946 մլրդ դրամ՝ 2021-ի նկատմամբ 17 %-ով ավելի։

2022-ի բյուջեի նախագծում առաջնահերթություն են անվտանգության համակարգի բարեփոխումը, ենթակառուցվածքների զարգացումն ու կրթության, գիտության արդիականացումը:

Share