Բաժին. Ֆինանսական

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՀԱՏԻ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՇԵՄԸ

Այս տարվա առաջին 7 ամսվա կտրվածքով ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 359 մլրդ դրամ, ծախսերը` 426.5 մլրդ դրամ: Դեֆիցիտն ընդհանուր առմամբ կազմել է 67 մլրդ դրամ, որի հարաբերակցությունը ՀՆԱ-ին շուրջ 4.7 տոկոս է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման թվեր է հրապարակել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա կանխատեսում է, որ այս տարվա ընթացքում չի գերազանցվի Ազգային ժողովի կողմից դեֆիցիտի սահմանված շեմը` մինչեւ 7.5 տոկոս, եւ ակնկալում, որ կհաջողվի տարին ավարտել 6.5 դեֆիցիտի շրջանակներում, ընդ որում, նախատեսված է, որ հաջորդ տարի այդ դեֆիցիտի չափը կնվազի` կազմելով 5- 5.5 տոկոս: Սակայն ընդհանուր առմամբ նպատակ կա վերադառնալ բյուջեի մինչեւ 3 տոկոս դեֆիցիտի:

Գնաճը, նախարարի խոսքով, Հայաստանում այսօր շարունակում է մնալ բավականին ցածր, այն կշարունակի մնալ նախատեսվածի շրջանակներում` այդպիսին` ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի:

ՀՀ տնտեսության մեջ արդեն նկատվում են կայունացման միտումներ, սակայն դրանք դեռ ընդամենը միտումներ են, որոնք զարգացնել է պետք: Տ. Դավթյանը կարծում է, որ այս տարեվերջին տնտեսության անկման ցուցանիշերն ավելի բարվոք կլինեն, քան հիմա են եւ կգրանցվեն 10-15 տոկոսի սահմաններում: Տ. Դավթյանը լավատես է նաեւ հաջորդ տարվա տնտեսական զարգացումների առումով` հույս հայտնելով, որ 2010-ին կհաջողվի ապահովել 1-1.5 տոկոս տնտեսական աճ: Հակաճգնաժամային քայլերի արդյունքներն արդեն որոշակիորեն տեսանելի են եւ հատկապես ակնառու կդառնան այս տարվա 4-րդ եռամսյակում:

Share