Բաժին. Ֆինանսական

2010-ի ԲՅՈՒՋԵՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ. ԱՅՆ ՇԱՏ ԼԱՐՎԱԾ Է

Եկող տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ 1.2-1.3 տոկոս աճ, որի դեպքում այն կկազմի 3 տրլն 214 մլրդ դրամ: Ինդեքս դեֆլյատորը` ներքին ծագում ունեցող ապրանքների ինֆլյացիան, կանխատեսվում է 2 տոկոս, բյուջեի եկամուտները` 676.7 մլրդ դրամ, որից հարկերը եւ պետական տուրքերը` 533.5 մլրդ դրամ, սոցիալական վճարները` 105.2 մլրդ դրամ: Բյուջեն ընդհանուր առմամբ կանխատեսված է 701.7 մլրդ դրամ, ծախսերը` 884.7 մլրդ դրամ, դեֆիցիտը` 183 մլրդ դրամ: Դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 5.69 տոկոս: Համայնքների բյուջեները` 82.5 մլրդ դրամ, դրանք ամբողջապես կուղղվեն համայնքային ծախսերին:

ՀՀ կառավարությունում այսօր հրավիրված արտահերթ նիստում նման թվեր հրապարակեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա` 2010-ի բյուջեի ծախսերը 85 մլրդ դրամով պակաս են այս տարվա բյուջեից` նույնիսկ այս տարվա ծախսային կասեցումներով հանդերձ: Չնայած դրան` ինչպես այս տարի, եկող տարի եւս կպահպանվեն սոցիալական, ազգային անվտանգությանն ուղղված, գիտական եւ մի շարք այլ` անկասելի համարվող ծախսերը: Նախարարն ընդգծեց, որ եթե այս տարի բյուջետային ծախսերի մեծ մասն իրականացվել է դրսից ներգրավված միջոցների հաշվին, ապա եկող տարի դա նույն ծավալներով իրականացնել հնարավոր չէ. նախ պետք է սահմանափակվի ներգրավվող ռեսուրսների քանակը, որպեսզի բյուջեի դեֆիցիտը մնա կառավարելիի սահմաններում, բացի այդ` եկող տարվա բյուջեում արդեն էականորեն ավելանում են մինչ օրս ներգրավված վարկերի սպասարկման միջոցները, որոնք բավականին ծանր են:

Եկող տարի կնվազեցվեն, մասնավորապես, կապիտալ եւ պետական կառավարման ծախսերը, պետական ապարատի համար սարքավորումներ եւ տրանսպորտային միջոցներ չեն գնվի, կրկնակի անգամ կկրճատվեն գործուղումային եւ պետական պաշտոնական ընդունելությունների ծախսերը:

Օբյեկտիվորեն կավելանան մի շարք ծախսեր` քաղծառայողների աշխատավարձերը, համայնքների դոտացիաները, ինչպես նաեւ ներգրավված վարկերի սպասարկման ծախսերը:

2010-ի բյուջեի նախագծով` եկող տարվա համար բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 183 մլրդ դրամի չափով, որը պետք է ծածկվի արտաքին եւ ներքին աղբյուրների հաշվին:

Նրա խոսքով` տարբեր գերատեսչություններ բարձրաձայնում են լրացուցիչ միջոցների անհրաժեշտության մասին, սակայն 2010-ի բյուջեն լարված է, պետք է այն ծրագրավորված եւ խնայողական լինի, որպեսզի հնարավոր լինի կրել այս տարվա ծանրությունը՚:

Share