Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ-ԻՑ ՆՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ`ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

«Հազարամյակի մարտահրավեր»  հիմնադրամ -Հայաստան» ՊՈԱԿ-ն այսօր Արփա-Սևան ԲԲԸ (Հայաստան) և ՍԱԴԵ (Ֆրանսիա) ընկերություններից բաղկացած կոնսորցիումի հետ պայմանագիր է ստորագրել, համաձայն որի կիրականացվի  Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդան, Արտաշատ և Շիրակ մայր ջրանցքների 35,4 երկարությամբ հատվածների և մոտ 70 հիդրոտեխնիկական կառույցների վերականգնումը:

Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին «ՀՄՀ-Հայաստան»-ից, մայր ջրանցքների առաջին փաթեթի աշխատանքների հետ միասին ընդհանուր առմամբ նախատեսվում է 39.6 կմ ջրանցքի հատվածների վերականգնում, իսկ մայր ջրանցքներում ընդհանուր ներդրման չափը կհասնի ավելի քան 20 միլիոն դոլարի:  Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերի 200 համայնքներում ավելի քան 110 հազ. շահառուներ կունենան ավելի հուսալի ոռոգման ջուր:  
Պայմանագրի արժեքը  14 մլն 618,6 հազ. դոլար է, իսկ տևողությունը` 18 ամիս: Վերականգնման աշխատանքների շրջանակներում կատարվելու է ջրանցքների մաքրում, ջրթողների և դրանց փականների վերականգնում, մոնոլիտային բետոնի և երկաթբետոնի կիրառում,  ինչպես նաև այնպիսի առաջատար տեխնոլոգիաների կիրառում, ինչպիսին է տորկրետը: 

ՀՄՀ-Հայաստան ծրագրի «Ոռոգման ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում կիրականացվեն նաև 17 պոմպակայանների վերանորոգման, չորս ինքնահոս համակարգերի կառուցման, մոտ 70 համայնքներում ներտնտեսային ցանցերի բարելավման և Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի բարելավման աշխատանքներ: Մինչև  «ՀՄՀ-Հայաստան»  ծրագրի ավարտը 2011թ. ծրագրում կկատարվի 180մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Share