Բաժին. Ֆինանսական

ՎԶԵԲ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2010-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ներդրումները Հայաստանում կլինեն մոտ 100 մլն դոլար: Իսկ այս տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 150 մլն դոլար: Դրա 65 տոկոսն արդեն տրամադրված է: Դա աննախադեպ ծավալի գումար է` մինչ օրս տրամադրված Հայաստանին: Նախորդ տարի Հայաստանին վարկի տեսքով տրամադրված գումարները եղել են 75 մլն դոլար: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հարավարեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով ՎԶԵԲ խմբի տնօրեն Օլիվյե Դեկամպը, ով իր ղեկավարած պատվիրակության հետ երկօրյա այցով գտնվում է Հայաստանում:

ՎԶԵԲ-ն ամենամեծ ներդրողներից մեկն է Հայաստանում: Այս տարեսկզբից այն ֆինանսավորել է մի շարք ծրագրեր էներգետիկայի, կորպորատիվ եւ ֆինանսական հատվածներում` 50 մլն եվրո ընդհանուր գումարով: Օ. Դեկամպի տեղեկացմամբ` բանկն այս տարի մեկ մեծ գործառնություն է իրականացրել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության հետ` վերջինիս տրամադրելով 60 մլն դոլարի վարկ: Մինչեւ այս տարեվերջ կիրականացվի եւս մեկ խոշոր գործառնություն. մոտ 40 մլն դոլար կտրամադրվի «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող զարգացման ծրագրի 2-րդ փուլի իրականացման նպատակով:

ՎԶԵԲ-ն այսօր համագործակցում է հայաստանյան 22 բանկերից 11-ի հետ` նրանց տրամադրելով շրջանառու միջոցներ: Օ. Դեկամպը խոստացավ, որ այդ համագործակցությունը կընդլայնվի:

Share