Բաժին. Ֆինանսական

ՅՈՒՆԻԲԱՆԿ – 2009-ԻՆ «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 551 ՄԼՆ ԴՈԼԱՐ

2009թ.-ին «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգը Հայաստանում  արձանագրել է 551 մլն դոլարի շրջանառություն, ինչը կազմում է դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի կեսից ավելին: Փոխանցումների քանակը հաշվետու ժամանակահատվածում գերազանցել է 712,4 հազարը: Ինչպես նշեց «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկման   և հսկողության վարչության պետ Նատալյա Տեր-Գևորգյանը, «Յունիբանկ»-ում ներդրման հենց առաջին տարվանից «Յունիստրիմ» համակարգը բնակչության կողմից մեծ պահանջարկ վայելեց: «Համակարգի նկատմամբ պահանջարկը հիմնականում պայմանավորված է ցածր միջնորդավճարներով` 1.1 %-ից սկսած, և փոխանցման արագությամբ: Դրամական փոխանցումը կատարելուց 10-15 րոպե հետո այն արդեն հասանելի է փոխանցումը ստացող կողմի համար: Մեր հաճախորդները գոհունակություն են հայտնում նաեւ փոխանցման  ձեւակերպման պարզությունից. նախ «Յունիբանկ»-ը չի պահանջում բանկային հաշվի բացում, երկրորդը` փաստաթղթերը հաճախորդի փոխարեն լրացնում է սպասարկող անձը» -, ասում է Նատալյա Տեր-Գևորգյանը:

«Յունիստրիմ» համակարգի միջոցով կարելի է կատարել նաեւ վարկի մարումներ և  վճարումներ ներկրվող ապրանքների ու  կոմունալ ծառայությունների դիմաց: Համակարգի հաճախորդները կարող են դրամական փոխանցումների միջոցով համալրել  կուտակային ավանդը կամ բանկային այլ հաշիվները ցանկացած արժույթով, այդ թվում`  ARCA UNISTREAM  քարտի հաշիվը:  «Յունիբանկ»-ը «Յունիստրիմ» համակարգից օգտվող հաճախորդներին հնարավորություն է տալիս նաև արտոնյալ պայմաններով ձևակերպել U-Stream օվերդրաֆտներ:

Նշենք, որ 2009թ.-ի արդյունքներով, ավանդույթի համաձայն, «Յունիբանկ»-ը «Յունիստրիմ»  դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդներին հանձնեց հուշանվերներ: Բանկից նվերներ ստացան այն բոլոր հաճախորդները, ովքեր տարվա ընթացքում ոչ պակաս քան 20 անգամ «Յունիստրիմ» համակարգի միջոցով ստացել կամ ուղարկել են դրամական փոխանցումներ:

Share