Բաժին. Ֆինանսական

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ 0.5 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ` ՄԻՆՉԵՎ 6.5%

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010 թ. մարտի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել  վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 6.5%:

2010 թ. փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը  ավելացել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ 2.4 տոկոսային կետով` կազմելով 9.4%: Հատկանշական է, որ 12-ամսյա գնաճի ցուցանիշի նման կտրուկ ավելացումը ամբողջությամբ պայմանավորվել է նախորդ տարվա փետրվար ամսվա գնաճի զարգացումներով, երբ արձանագրվել էր 1.8% աննախադեպ բարձր գնանկում: Այս պարագայում, փետրվարին իր բարձրակետին հասնելուց հետո մարտից սկսած գնաճի տեմպը նվազելու է` չնայած ապրիլի 1-ից որոշ կոմունալ ծառայությունների սակագների թանկացմանը:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախորդ ամիսներից սկսած միջազգային շուկաներում հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների գների աճով և տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնմամբ պայմանավորված գնաճային միջավայրը կանխատեսվող հորիզոնում պահպանվելու է: Վերոնշյալ պայմաններում գնաճի շեղումները նպատակային թիրախից նվազեցնելու նպատակով Խորհուրդը շարունակում է կարևորել դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը:

Share