Բաժին. Ֆինանսական

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հետևողական է` բիզնեսին ընդառաջ գնալու, գործարարների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում, սակայն միշտ չէ, որ բիզնեսն ինքն էլ պատրաստակամ է ընդառաջ գալ այդ բարեփոխումներին, ուստի կոմիտեն հարկադրված է լինում էլ ավելի կատարելագործել հսկողության մեխանիզմները: Ինչպես հայտնի է, մաքսային ծառայությունում տարեցտարի աճում է մաքսային հսկողության "կանաչ ուղու" տեսակարար կշիռը, սակայն այդ ուղղությամբ կոմիտեի անցկացրած մոնիթորինգը փաստում է, որ "կանաչ ուղիով" անցած բեռների պատահական և օպերատիվ տվյալների հիման վրա իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվում են խոշոր խախտումներ: Այսինքն` շատ հաճախ տնտեսվարողները փորձում են օգտվել առիթից և չարաշահել մաքսային հսկողության ազատականացման արդյունքում իրենց ընձեռված հնարավորությունները: Այս գործընթացները կարգավորելու, ինչպես նաև մաքսային զննումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, համակարգում ներդրվեց նախաբացթղումային հսկողությունը, որով մաքսային զննման գործընթացը տարանջատվեց մաքսային ձևակերպումներից` ուժեղացնելով ապրանքների ու տրանսպորտային միջոցների նկատմամբ տարվող հսկողությունը, մաքսային իրավախախտումների և կոռուպցիայի դեմ պայքարը: 2008-ին Պետական եկամուտների կոմիտեի համակարգում ձևավորվեց և ՀՀ կառավարության` 2008թ. թիվ 1005-Ն որոշմամբ սկսեց գործել նոր ստորաբաժանում` Նախաբացթողումային հսկողության վարչությունը, որը կազմավորվեց տարածքային բոլոր մաքսային մարմիններում գործող զննման բաժինների հիման վրա:

Նախաբացթողումային հսկողության վարչությունն այժմ ունի 166 աշխատակից, ովքեր հսկողություն են իրականացնում ինչպես Գուգարքի, Շիրակի և Սյունիքի սահմանային մաքսային կետերում, Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մաքսատանը, այնպես էլ 11 մաքսային պահեստներում, այդ թվում "Զվարթնոց" օդանավակայանի "Կարգո" բեռնային համալիրում: Նշենք, որ զննման գործընթացի արդյունավետությանը նպաստում են ոչ միայն տեխնիկական ժամանակակից սարքավորումները. վարչության աշխատակիցները շատ անգամ իրավախախտումեր են հայտնաբերում` հիմնվելով պարբերաբար ստացվող օպերատիվ տեղեկությունների վրա:

Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը լրագրողներին տեղեկացրել է, որ վարչության գործունեության արդյունքում խստացվել է տուրիստական բեռների նկատմամբ հսկողությունը, հետզհետե կարգավորվում է նաև փաստաթղթաշրջանառությունը, որը ՊԵԿ գերակա խնդիրներից է, քանի որ փաստաթղթավորման ոչ պատշաճ մակարդակը խոչընդոտում է հարկային պարտավորությունների հաշվառմանը, հանգեցնում գնագոյացման շղթայի խեղաթյուրմանը, համապատասխանաբար` իրացման իրական շրջանառությունների թերհայտարարագրմանը և բյուջե վճարման ենթակա հարկերը թաքցնելուն:

Գործունեության ոչ այնքան երկարատև ժամանակահատվածում Նախաբացթողումային հսկողության վարչությունն արդեն իսկ արձանագրել է տպավորիչ արդյունքներ` կանխելով տարաբնույթ իրավախախտումներ. "Միայն այս տարվա առաջին եռամսյակում մեր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է մաքսային իրավախախտումների 40 դեպք: Իրավախախտումների մեծ մասն արձանագրվել է մաքսային պահեստներում իրականացված մաքսային զննման ժամանակ: Դեպքեր են արձանագրվել նաև Թբիլիսի-Երևան մարդատար գնացքում, որտեղ իրավախախտները որպես թաքստոց օգտագործել էին ռեստորան վագոնի սառնարանային մասը: Ի դեպ, 2010 թվականի եռամսյակային վիճակագրությունը փաստում է, որ մաքսային վճարումներից խուսափելու նպատակով` իրավախախտները հիմնականում ապրանքը թերի են հայտարարագրել կամ սխալ նշել ապրանքի կոդը: Օրինակ, "Կարգո" բեռնային համալիրում "Բյուրակն" ՍՊԸ-ի անունով ներմուծված բեռի զննման ժամանակ պարզվել է, որ հայտարարագրված 20 տեսաքարտի մոդելները չեն համապատասխանում ապրանքի վրա առկա մոդելներին",- հայտնել է Վ. Գուրողլյանը: Բացի այդ, արձանագրվել են ապրանքների քանակի և ծագման երկրի, նաև` կապարակնքման, նշագրումների հետ կապված խախտումներ և փաստաթղթային անճշտություններ: Օրինակ, "Կոկա Կոլա ՀԲՔԱ" ՓԲԸ-ի բեռի քաշը Բագրատեշենի մաքսակետում կազմել է 37 760 կգ, մինչդեռ "Ապավեն" մաքսային պահեստ այն մուտք է գործել 1,5 տոննա պակաս քաշով: Խախտման մեկ այլ դեպքով` նույն ընկերության անունով ներմուծված բեռի մի մասը /խնձորի հյութ/ հայերեն նշագրում չի ունեցել:

Զննման արդյունքում հայտնաբերված ապրանքները տարաբնույթ են եղել` կենցաղային տեխնիկա /օդակարգավորիչներ, հեռակառավարման վահանակներ, փոշեկուլներ/, հագուստ և սննդամթերք, ինչպես նաև ոսկյա զարդեր և արտարժույթ. "Այս ամենը հաշվի առնելով` կցանկանայի հորդորել գործարարներին չդիմել իրավախախտումների, քանի որ Պետեկամուտների կոմիտեն, ազատականացնելով հանդերձ մաքսային ընթացակարգերը, խստացրել է մաքսային հսկողության մեխանիզմները: Այնպես որ, ցանկալի է, որպեսզի գործարարներն էլ գիտակցեն դա և փորձեն իրենք էլ ընդառաջ գալ մեր կողմից իրականացվող բարեփոխումներին",- ասել է ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության պետը:

Share