Բաժին. Ֆինանսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ի հունվար ամսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2009թ.-ի տվյալների համեմատ աճել է 6.5%-ով և կազմել 99 560 դրամ:

Հայաստանում ամենաշատը վարձատվրում են ֆինանսական ոլորտի աշխատակիցները, սույն ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը նվազել է 2.8%-ով և կազմել 254 168 դրամ: Հանքարդյունաբերության ոլորտում վերոնշյալ ցուցանիշը կազմել է 186 518 դրամ, նշենք, որ սույն ոլորտում հունվար ամսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 20.7% աճ:

Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.1%-ով և կազմել է 139 025 դրամ: Տրանսպորտի և կապի ոլորտում գրանցվել է 12.3% աճ և արձանագրվել է 129 982 դրամ ցուցանիշը:

Անշարժ գույքի հետ կապված գործառնությունների, վարձակալման և ծառայությունների մատուցման ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կրճատվել է 0.5%-ով և կազմել 122 670 դրամ: Շինարարների աշխատավարձներն աճել են 11%-ով և կազմել 114 607 դրամ, իսկ պետական կառավարման ոլորտում գրանցվել է 7.8% աճ և միջին ամսական աշխատաարձի ցուցանիշը կազմել է 107 672 դրամ:

Մշակող արդյունաբերության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը կազմել է 99 761 դրամ: Առևտրի, ավտոմեքենաների, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի նորոգման ոլորտում` 85 602 դրամ: Հյուրանոցային և ռեստորանային ոլորտներում` 81 541 դրամ: Կրթության ոլորտում` 74 837 դրամ: Գյուղատնտեսության, որսորդություն և անտառային տնտեսություն ոլորտում` 69 386 դրամ:

Հայաստանում ամենաքիչը վարձատրվում են առողջապահություն և սոցիալական` 65 122 դրամ, կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների` 65 399, և ձկնորսության, ձկնաբուծության` 56 250 դրամ, ոլորտների աշխատակիցները:

Share