Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյան. ՀՀ տնտեսական աճը 2020 թ.-ին կլինի բացասական

ՀՀ կենտրոնական բանկի գնահատականներով՝ Հայաստանի տնտեսական աճը, համավարակի հետևանքով, 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը:

«Մեր գնահատկաններով` ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական, զգալիորեն ավելի ցածր մեր նախորդ կանխատեսումից: Համավարակից առավել տուժած ոլորտներն են կացությունն ու հանրային սնունդը, տրանսպորտը, տուրիստական գործակալությունների, սպասարկման այլ ծառայություններ և շինարարությունը: Իսկ գյուղատնտեսության վրա այն գրեթե ազդեցություն չի ունենա»,-ասաց Գալստյանը:

Անորոշությամբ պայմանավորված՝ կգրանցվի մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների կրճատում: Ինչպես նախատեսվում էր ծրագրով՝ պահպանվել է ցածր գնաճային միջավայր, մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս: Թեև ի սկզբանե առկա էին որոշակի անորոշություններ՝ առաջարկի և պահանջարկի վերականգնման հարաբերական արագության վերաբերյալ, սակայն ԿԲ ներկա վերլուծությունները ցույց են տալիս, որ պահանջարկի վերականգնումը տեղի է ունենալու ավելի դանդաղ տեմպերով՝ պայմանավորված արտաքին պահանջարկի ակնկալվող դանդաղ ընթացքով և պահպանվող անորոշությամբ:

ԿԲ նախագահը նաև նկատեց, որ եթե մարտին ամբողջ աշխարհում սպասում էին, որ վերականգնումն արագ է տեղի ունենալու, ապա համավարակին զուգահեռ վերանայվեցին պատկերացումները տնտեսության վրա ունեցած իրական ազդեցության, տևողության և չափի վերաբերյալ՝ դառնալով ավելի վատատեսական: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հունվարյան կանխատեսումների, Համաշխարհային տնտեսության աճը 2020 թվականին կանխատեսվում էր 3,3 տոկոս, իսկ արդեն ապրիլին իր կանխատեսումներում ԱՄՀ-ն ներկայացրեց, թե որքան ցավալի է լինելու համավարկի ազդեցությունը տնտեսությունների վրա: Իսկ համաշխարհային բանկի՝ օրերս ներկայացված զեկույցի համաձայն 5.2 տոկոս անկում է ակնկալում:

2020 թվականի պետական բյուջեի նախագծում ի սկզբանե կանխատեսվել էր 4.9 տոկոս տնտեսական աճ, սակայն հետո կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ այս ցուցանիշը վերնայվել է՝ կանխատեսելով 2 տոկոս տնտեսական անկում:

Աննա Գրիգորյան

Share