Բաժին. Ֆինանսական

Վաչե Գաբրիելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին

Ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գույքահարկի փոփոխումը ցանկալի է համարում, որովհետև նախկին գույքային հարկն, ըստ նրա, ճիշտ չէր արտացոլում տնտեսական հարաբերությունները: Այս մասին նա հայտնել է 24news-ի եթերում։

«Կարծում եմ՝ սա ճիշտ քաղաքականություն է և ճիշտ գաղափար, բայց կարծումեմ, որ այն թերի է իրականացված», – ասում է Գաբրիելյանն ու հիմնավորում իր կարծիքը, – «Օրենքի նախագիծը վաղուց էր պատրաստվում, դեռևս 3 տարի առաջ ֆինանսների նախարարությունում այն ժամանակվա փոխնախարար Դավիթ Անանյանն էր հիմնականում զբաղվում այդ հարցով, և կառավարության օրակարգում դա կար»:

Ըստ Վաչե Գաբրիելյանի՝ այս փոփոխության անհրաժեշտությունը մի քանի հիմնավորում ունի.

«Երբ կադաստրային արժեքը ճիշտ չի արտացոլում գույքի արժեքը, ապա գույքն օպտիմալ չի օգտագործվում: Երկրորդ պատճառը՝ եկամուտների հոսք, որ կապահովի այդ գույքի պահպանումը, որի շուրջը պահպանություն կլինի, բարեկարգ ճանապարհներ կլինեն, որը գոյություն չունի այն մակարդակով, ինչը ցանկալի է: Թե արտադրողական օգտագործումը, թե գույքի պահպանումն ու արժեքի պահպանումը շատ կարևոր են և լավ է, որ այդ փոփոխություններն արվեն»:

Մասնագետը, սակայն, փոփոխությունների իրագործման ճանապարհին խնդիրներ է տեսնում: Վերջինս մատնանշում է երկու խնդիր, որոնցից մեկին փոփոխություններն առաջարկողներն անդրադարձել են, մյուսին՝ ոչ:

«Մի խնդիրը գույքահարկի աստիճանական բարձրացումն էր, երկրորդը՝ սոցիալական ամորտիզատորների հարցը: Դա նշանակում է, որ մշտապես առաջանում են խնդիրներ, կոնկրետ դեպքում դա կիրառելիս, մասնավորապես սոցիալական խնդիրների տեսակետից այն մարդկանց մոտ է առաջանում, ովքեր ժամանակին ունեցել են բարձր եկամուտներ և ունեն արժեքավոր գույք, հիմա այդ գույքին համարժեք եկամուտներ չունեն: Ենթադրել, թե այդ պայմաններում տեղի կունենա գույքի անթերի վերաբաշխում՝ առանց որևէ մեկին վնաս տալու, այդպես չէ»:

Վաչե Գաբրիելյանը նկատում է՝ 3 տարի առաջ գույքահարկի վերանայման աշխատանքների ընթացքում այս հարցը քննարկվել է, մինչդեռ արդեն արված փոփոխություններում դա ընդգրկված չէ:

Share