Բաժին. Ֆինանսական

IFC-ն, EBRD-ն և ԵՄ-ն համագործակցում են  Fotowatio Renewable Ventures-ի հետ՝ աջակցելով Հայաստանի առաջին արևային կայանի ստեղծմանը

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Եվրոպական Միությունը (ԵՄ) այսօր հայտարարել են Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային էներգակայանի ստեղծմանն իրենց աջակցության մասին, որը առաջինն է նաև Կովկասի համար։ 55 մեգավատ պիկային հզորությամբ կայանը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում, կմեծացնի Հայաստանի վերականգնվող էներգիայի առաջարկը և կօգնի երկրին նվազեցնել կախվածությունը ներմուծվող էներգակիրներից։

Կայանը կառուցում է Fotowatio Renewable Ventures (FRV) –ը, որը արդյունաբերական մասշտաբի վերականգնվող էներգիայի ծրագրերի ոլորտի գլոբալ առաջատար Abul Latif Jameel Energy-ի մասնաճյուղ է։ Կազմակերպությունը 35․4 միլիոն դոլար փոխառության փաթեթ է ստանալու, որից 17․1 միլիոն դոլարը լինելու է երկարաժամկետ ֆինանսավորում IFC-ի և EBRD-ի մեկական վարկերի միջոցով։ Ծրագիրը նաև 3 միլիոն եվրոյի ներդրումային դրամաշնորհ է ստանալու Եվրոպական Միությունից, որը մոբիլիզացվելու է EBRD-ի կողմից։ IFC-ի ֆինանսավորման փաթեթը ներառում է 8․9 միլիոն դոլար վարկ IFC-ի սեփական հաշվից և 8․9 միլիոն դոլար` Ֆինլանդիայի և IFC-ի Կլիմայի ծրագրի մասով համատեղ ֆինանսավորումից։ Ամերիաբանկը տրամադրելու է ֆինանսավորում հարկերի վճարման հավելյալ կարիքների համար։

Մասրիկի արևային կայանը, ըստ նախատեսվածի, արտադրելու է տարեկան ավելի քան 128 գիգավատ/ժամ էլեկտրականություն՝ մեկ կիլովատ ժամի դիմաց 4․19 ȼ մրցակցային սակագնով։ Էլեկտրականությունը էներգիայի գնման համաձայնագրի շրջանակներում իրացվելու է Հայաստանի էլեկտրական ցանցերին, որը էլեկտրաէներգիայի բաշխիչ կոմունալ ընկերություն է։ Ծրագիրը կհեռացնի տարեկան 40․000 տոննա ածխաթթու գազի արտանետումը։ Ներկա պահին Հայաստանի էլեկտրական էներգիայի արտադրության մոտ 70 տոկոսը կախված է ներմուծվող էներգակիրներից։ Քանի որ էլեկտրականության պահանջարկը երկրում աճում է, ակնկալվում է, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կապահովեն կայուն և էժան այլընտրանքային աղբյուր, և նախատեսված է, որ Մասրիկի կայանը օրինակ է ծառայելու Կովկասի մյուս երկրների համար։

«Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման և, հատկապես, արևային էներգետիկայի զարգացման բնագավառում, և երկիրը ռազմավարական կարևորություն ունի FRV-ի համար», նշում է FRV-ի Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Միկել դե Իրալան։ «Կովկասի տարածաշրջանում մեր առաջին արևային կայանի ֆինանսավորման գործարքի ամփոփումը կարևոր փուլ է FRV-ի համար, քանի որ այն մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր ծածկույթը և պահպանել աշխարհում մեր առաջատարի դիրքը արդյունաբերական մասշտաբի արևային էներգետիկայի ոլորտում։ Այս ծրագրի հետ կապված՝ մենք չափազանց հպարտ ենք նպաստելու երկրի տնտեսության կայուն զարգացմանը՝ տեղերում ապահովելով բարեկեցություն և աշխատատեղեր և այս կերպ օգնելով կառուցել ավելի կայուն ապագա»։

EBRD-ի Եվրասիայի էներգետիկայի տնօրինության, Կայուն ենթակառուցվածքի խմբի ղեկավար Այդա Սիտդիկովան նշել է․«EBRD-ն շատ ուրախ է աջակցելու այս պատմական ծրագրին, որը Հայաստանի էլեկտրաէներգետիկական ոլորտի քաղաքականության դաշտում 1993 թվականից ի վեր մեր ակտիվ ներգրավվածության և ներդրումների արդյունք է։ EBRD-ի կողմից էլեկտրականության ցանցերի, մասնավորի կողմից էներգիայի արտադրության և մասնավորեցման գործընթացի ֆինանսավորումից հետո մենք ուրախ են ֆինանսավորելու արդյունաբերական նշանակության այս առաջին արևային արտադրության կայանը, միևնույն ժամանակ մենք աշխատում են իշխանությունների հետ հողմային և արևային էներգիայի ոլորտում հետագա հրապարակային վաճառքների ուղղությամբ։ Մենք շատ շնորհակալ ենք մեր գործընկեր Եվրոպական Միությանը՝ այս նշանակալի ծրագիրը մեզ հետ համաֆինանսավորելու համար»։

«Մասրիկի արևային էներգիայի արտադրության ծրագիրը հիմնարար դերակատարում է ունենալու Հայաստանում էներգետիկայի  և կլիմայի բնագավառների նպատակների իրագործման հարցում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Կայուն զարգացման նպատակներին համահունչ։ Այն նաև կարող է մի շարք նոր աշխատատեղեր ապահովել, ստեղծել նոր արդյունաբերական հնարավորություններ տարածաշրջանում և նպաստել տնտեսական աճին` այժմ, երբ ԵՄ-ն խթանում է Եվրոպայի նոր Կանաչ գործարքը», ասել է ԵՄ դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

IFC-ի Ենթակառուցվածքների և բնական պաշարների վարչության տարածաշրջանային ավագ տնօրեն Շերիլ Էդլեսոն Հանվեյը նշել է, «Էներգետիկ անվտանգությունը վճռորոշ է բիզնեսի համար, այդ իսկ պատճառով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի պլաններին օգնելը IFC-ի առաքելության կարևոր մաս է։ Մասրիկի արևային կայանի ծրագիրը լրացուցիչ նշաձող է տարիների ընթացքում IFC-ի կողմից Հայաստանի ջանքերին տրամադրվող աջակցության ծրագրերում՝ էներգիայի արտադրության ոլորտում մասնավոր հատվածին ներգրավելու նպատակով։ Սա առաջին քայլն է արևային էներգիայի արտադրության Հայաստանի հավակնոտ ծրագրերի իրականացման գործընթացում և օրինակ է ծառայելու, որին առաջիկա տարիներին բազմաթիվ այլ ծրագրեր կհաջորդեն»։

Ծրագիրը, որը նախատեսում է 55 ՄՎտ պիկային հզորությամբ էլեկտրակայանի և 9 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծում, կառուցում և շահագործում, մրցութային հիմունքով իրականացված առաջին արևային ֆոտովոլտային ծրագիրն է Հայաստանում։ Համաշխարհային բանկը կառավարությանն օգնել է ծրագիրը նախապատրաստելու հարցում և տրամադրել է տեխնիկական խորհրդատվական աջակցություն։ Մրցութային գործընթացը, որին աջակցել է Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագիրն ու Համաշխարհային բանկը, խիստ մրցակցային է եղել։

Մասրիկի ծրագիրը Համաշխարհային բանկի և Հայաստանի 15-ամյա համագործակցության արդյունք է, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվել լայնամասշտաբ բարեփոխումների՝ սպառողներին ավելի մաքուր և արդյունավետ էներգամատակարարում ապահովելու նպատակով։ IFC-ն, EBRD-ն և ԵՄ-ն օժանդակել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական ոլորտին՝ մասնավոր ներդրումներ գրավելու, համաշխարհային փորձը բերելու և նորագույն տեխնոլոգիաներին աջակցելու միջոցով։ Վերականգնվող էներգետիկ հզորությունների ավելացումը EBRD-ի և IFC-ի ռազմավարություններում ամրագրված կարևոր նպատակ է Հայաստանի մասով։

Share