Բաժին. Ֆինանսական

ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ – ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂՈՒ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ

2008թ.-ից սկսած «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա  ՎՏԲ-Հայաստան Բանկի  հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների  հավաքագրման ասպարեզում:

2010թ. փետրվարի 11-ին Հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերում անց կացված խոշոր դրամական մրցանակների հերթական վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչվեցին 4 քաղաքացի` Մուրադ Մուրադյան (ք. Արթիկ), Հարություն Գաբրիելյան (ք. Աբովյան), Գառնիկ Քոսակյան (ք. Բերդ) և Քնարիկ Բաղդասարյան (ք. Կապան):
Հատկանշական է, որ ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, և յուրաքանչյուր խաղարկության ընթացքում որոշվում են 4 մրցանակակիրներ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք. Երևանը): Վիճակահանության 4 մրցանակակիրներից յուրաքանչյուրը ՎՏԲ-Հայաստան  բանկի կողմից ստանում է 300 հազարական դրամ և VISA վճարային քարտ, ինչպես նաև հիշարժան վկայագիր “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ կողմից:

Պարգևատրման հերթական արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 22-ին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասի խորհրդակցությունների դահլիճում: ՎՏԲ-Հայաստան բանկի, Հայջրմուղկոյուղու ղեկավարների և ԶԼՄ-ների մասնակցությամբ անցկացվող միջոցառման ընթացքում “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ տեխնիկական  տնօրենը  և «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին մրցանակակիրներին և   նշեցին, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկով` «Մեզ համար շատ հաճելի է, որ մեր Բանկը իր խոշոր կորպորատիվ հաճախորդներից և գործընկերներից մեկի` «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ շարունակում է այս գեղեցիկ ավանդույթը այս տարի ևս: Բանկի համար մեծ պատիվ է մասնակցել նմանատիպ ակցիային, առավել ևս, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը նպաստում է երկրում կոմունալ վճարումների հավաքագրման գործընթացի որակի բարձրացմանը: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը և անձամբ նրա ղեկավարին նման համագործակցության հնարավորության համար, որը տալիս է համատեղ էֆեկտ ինչպես մեր ընկերություններին, այնպես էլ ամեն օր ջրից օգտվող սովորական մարդկանց, ներառյալ մասնագետներին, որոնք պատասխանատու են ջուրը վերջնական սպառողին հասցնելու համար:»

Իր հերթին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական տնօրեն, Գլխավոր տնօրենի ժ/պ Կամո Աղաբաբյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց ՎՏԲ-Հայաստան բանկին և նրա ղեկավարին, նշելով`,- «Դիմելով ներկա գտնվողներին ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մեր երկրի բնակչությանը ջրի օգտագործման դիմաց վճարումները կատարել ժամանակին և բանկերի միջոցով, քանզի դա առավել հարմար է, արագ և հուսալի: Շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նման հաջողություն Հայաստնաի յուրաքանչյուր բնակչին:»

Share