Բաժին. Ֆինանսական

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 23/04/10

2010 թ. ապրիլի 13-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Անդրանիկ Նորեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը և Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ առկա նոր տեղեկատվության հիման վրա գնահատականներ էին տրվել գնաճի, արտաքին միջավայրի, իրական և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումներին:  Ինչպես և ակնկալվում էր, եռամսյակի ավարտին 12-ամսյա գնաճը ձևավորվել է կանխատեսված մակարդակի շրջանակներում և, նախանշված ուղղություններին համապատասխան դրամավարկային քաղաքականության իրականացման պայմաններում, կշարունակի դրսևորել աստիճանական նվազման միտում:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2010 թ. մարտին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.6 տոկոսային կետով` կազմելով 8.8%: Ընդ որում` պարենային ապրանքների գներն աճել են 0.9%-ով (նպաստումը գնաճին 0.5 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների  գները` 0.8%-ով  (նպաստումը գնաճին 0.1 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 0.8%-ով (նպաստումը գնաճին 0.2 տոկոսային կետ):

Մարտին արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի,  շաքարավազի, կենդանական և բուսական յուղ ապրանքախմբի, բենզինի և դիզվառելիքի գների, ինչպես նաև  բուժսպասարկման ծառայությունների սակագնի յուրաքանչյուրի գծով 0.1 տոկոսային կետ նպաստումներով ընդհանուր գնաճին:

Ինչ վերաբերում է եռամսյակի գնաճին, ապա 2010 թ-ի առաջին եռամսյակում արձանագրվել է 2.9% գնաճ: Ընդ որում, պարենային ապրանքների գներն աճել են 4.3%-ով (նպաստումը ընդհանուր գնաճին 2.3 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների  գները` 1.1%-ով  (նպաստումը գնաճին 0.2 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 1.3%-ով (նպաստումը գնաճին 0.4 տոկոսային կետ): Գնաճը հիմնականում պայմանավորվել է  մսամթերքի գնի 9.2% (նպաստումը ընդհանուր գնաճին 0.9 տոկոսային կետ), բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գնի 22.9% (նպաստումը ընդհանուր գնաճին 1.1 տոկոսային կետ) և բուժսպասարկման ծառայությունների սակագների 2.9% (նպաստումը ընդհանուր գնաճին 0.3 տոկոսային կետ) աճերով:

Ընդհանուր առմամբ եռամսյակի ընթացքում գնաճի վերոնշյալ վարքագիծը պայմանավորող հիմնական գործոններ են հանդիսացել համաշխարհային տնտեսության դրական զարգացումների պայմաններում միջազգային շուկաներում պարենային և ոչ պարենային ապրանքների բարձր գների պահպանումը, ԿԲ-ի և Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ընդլայնողական ազդեցությունների փոխանցումը նաև առաջին եռամսյակ և, հիմնականում բացասական սպասումներով պայմանավորված, եռամսյակի ընթացքում պարբերաբար նկատվող դրամի արժեզրկման դրսևորումները:
Իրավիճակային հաշվետվության ներկայացումից հետո Խորհուրդը սկսեց իր քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Խորհուրդը փաստեց, որ համաշխարհային տնտեսության վերականգնման դրական միտումների և հակաճգնաժամային միջոցառումների ներքո իրականացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների նախորդ տարվանից փոխանցվող ընդլայնողական ազդեցությունների պայմաններում տնտեսական աճի տեմպերը գերազանցում են ակնկալվող ցուցանիշը: Այսպես,  փետրվարին ևս արձանագրվել է տնտեսական աճ, որի պարագայում հունվար-փետրվարի տնտեսական աճը կազմել է տ/տ 3.1%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` տ/տ 3.7% անկման դիմաց: Հատկանշական է, որ տնտեսական աշխուժացումը շարունակել է պայմանավորվել տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված դրական զարգացումներով: Մասնավորապես, արդյունաբերության ճյուղում արձանագրվել է թողարկման ծավալների զգալի` 9.4% աճ` ավելացված արժեքի շուրջ 4.6% աճի պայմաններում: Շինարարության ճյուղում ավելացված արժեքը աճել է 5.5%-ով, ծառայությունների ոլորտում` 2.2%-ով և գյուղատնտեսությունում` 2.7%-ով:

Խորհուրդը փաստեց, որ դրական միտումներ են արձանագրվել նաև ՀՀ վճարային հաշվեկշռի զարգացումներում` արտահայտվելով արտահանման և մասնավոր տրանսֆերտների առաջանցիկ աճով, ինչպես նաև ներդրումային ապրանքների ներմուծման աճով: Վերջինս համահունչ է մասնավոր ներդրումների վերականգնման միտումներին:

Խորհուրդը փաստեց, որ տարեսկզբից դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը, ինչը բնութագրվել է եռամսյակի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ընդհանուր առմամբ 1.5 տոկոսային կետով բարձրացմամբ և փողի առաջարկի խիստ կարգավորմամբ, հանգեցրել է փողի բազայի և փողի ագրեգատների նվազումների, ինչն առավել խորն է արտահայտվել դրամային բաղադրատարրերի գծով: Այս զարգացումներին համահունչ միջբանկային ռեպո շուկայում առաջին եռամսյակում արձանագրվել է տոկոսադրույքների աճ` 3-4 տոկոսային կետով: Միաժամանակ, պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալների կրճատման պարագայում, առաջնային շուկայում տոկոսադրույքները գրեթե չեն փոփոխվել: Խորհուրդը փաստեց նաև, որ չնայած եռամսյակի ընթացքում պարբերաբար նկատվող դրամի արժեզրկման դրսևորումներին, նախորդ եռամսյակի համեմատ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ գրեթե անփոփոխ է մնացել: Միաժամանակ, դրամի անվանական արդյունավետ փոխարժեքը արժևորվել է 3.3%-ով` պայմանավորված դրամի նկատմամբ եվրոյի և ՌԴ ռուբլու արժեզրկմամբ:

Անդրադառնալով գնաճի հետագա զարգացումներին և դրամավարկային քաղաքականության ուղղություններին, Խորհուրդը համաձայնեց, որ ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների թանկացման, համաշխարհային տնտեսության վերականգնման դրական միտումների շարունակման և ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնման ազդեցությամբ կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճային միջավայրը դեռևս կպահպանվի, թեև 12-ամսյա  գնաճի նվազման արձանագրված միտումները կշարունակվեն: Կարծիքներ հնչեցին, որ չնայած դրամավարկային պայմանների աստիճանական խստացմանը, դեռևս պահպանվում է նաև հակաճգնաժամային խթանների որոշ մասը` պետբյուջեի զգալի պակասուրդի, ՓՄՁ-երին ուղղված առևտրային բանկերի վարկային պորտֆելների վերաֆինանսավորման և դեռևս բացասական իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքի ձևով:  Խորհուրդը համաձայնեց, որ վերոնշյալ պայմաններում գնաճի սպասվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների հետագա խստացումը պետք է շարունակվի` նպատակ ունենալով ձևավորել դրական իրական տոկոսադրույքներ:

Գնաճի զսպման նպատակով խորհուրդը կարևորեց նաև Կառավարության կողմից հակագնաճային միջոցառումների իրականացումը, մասնավորապես բյուջեի պակասուրդի կրճատումը` հարկերի հավաքագրման ներկա դրական տեմպերի պահպանման և  բյուջետային խնայողությունների ձևով: Նիստի ընթացքում բազմիցս շեշտվեց, որ վերոնշյալ քայլերի զուգահեռաբար իրականացումը իրատեսական նախադրյալներ կստեղծի 12-ամսյա գնաճի նվազման տեմպերն արագացնելու և այն նպատակային միջակայք վերադարձնելու համար:

Նիստի ավարտին Խորհուրդը որոշեց բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.0%: Ներգրավված ավանդների և լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբար` 4.0% և 12.0%:

Share