Categories: Ֆինանսական

Որոշ կայքեր սկսել են առաջարկել Ռուսաստանից Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր. դեսպանության նախազգուշացումը

Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիափոխադրությունների վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսկման ժամկետները քննարկման փուլում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսապանությունը խորհուրդ է տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով։

Դեսպանությունից հայտնել են, որ ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ․ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները՝ քննարկման փուլում են։

«Ելնելով նշվածից՝ խորհուրդ ենք տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով։ Կանոնավոր չվերթների վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք»,- տեղեկացրել են դեսպանությունից:

Առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթները։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակվում է դեսպանության սոցիալական ցանցերի էջերում։

Դեսպանությունից հիշեցրել են նաև, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում։

 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար։

Share