Categories: Ֆինանսական

ՊԵԿ-ը խիստ հսկողություն է իրականացնելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ

ՀԴՄ-ների ներդրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են սարքերի պահանջարկի բավարարմանն առնչվող խնդիրները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի գլխավորությամբ օգոստոսի 5-ին կայացել է հանդիպում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրման և ներդրման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործընթացի ազատականացման արդյունքում առաջ եկած խնդիրները, ինչպես նաև կորոնովիրուսի համավարակի հետևանքով աշխատանքների բնականոն ընթացքում առաջացած խոչընդոտները:

Մասնավորապես` համավարակի հետևանքով կազմակերպությունները չեն կարողացել համապատասխանության եզրակացությունն ստանալուց հետո ՀՀ կառավարության 05.10.2017թ. 1318-ն որոշմամբ սահմանված 6-ամսյա ժամկետում ավարտին հասցնել հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և ՀԴՄ-ների միջոցով անկանխիկ գործարքների գործառույթների իրականացման ապահովումը: Խոչընդոտներ է առաջացել նաև սարքերի ներմուծումը և ՀԴՄ-ների ներդրման գործընթացի բնականոն աշխատանքները կազմակերպելիս:

ՊԵԿ ղեկավարությունն ընդգծել է, որ շուկայում առկա է ՀԴՄ-ների պահանջարկ, որը, սակայն, ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ազատականացումից հետո կազմակերպությունների կողմից մինչ օրս ամբողջությամբ չի բավարարվել: Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ առաջիկայում կներմուծեն ՀԴՄ-ների նոր խմբաքանակ:

Կոմիտեի ղեկավարությունը զգուշացրել է, որ առավել խիստ հսկողություն և վարչարարություն է իրականացվելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից համապատասխանության եզրակացություն ստացած «Սմարթ Սոլյուշնս», «Դոկտեխնիկ», «Իննթեք», «Տոչ-Մաստեր» և «Ֆյուչեր Փեյմենթս Սիսթեմս» ՍՊԸ-ների ներկայացուցիչները ներկայացրել են նաև շուկայի բարելավման ու ՀԴՄ-ների ներդրման գործընթացի պարզեցման առաջարկներ:

Share