Categories: Ֆինանսական

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է հուլիս ամսվա տվյալները

Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիս ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։

Հուլիս ամսին Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 80․8 մլրդ դրամ, որը 46%-ով ավել է նախորդ տարվա հուլիս ամսվա ցուցանիշներից:

Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է 1․7 մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 40․8 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 30%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։

Բորսայի աճուրդային հարթակում իրականացված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 215.6 մլն դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 1․6 մլրդ դրամ, կնքվել է 110 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 14.6 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է 399 մլրդ դրամ՝ 148%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Բաժնետոմսերով առևտրի ծավալը կազմել է 7 մլն դրամ, գործարքների միջին ծավալը՝ 1․2 մլն դրամ։

ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալը անցել է 3 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 437%-ով, գործարքների քանակն աճել է ռեկորդային՝ 527%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 27 մլն դրամ։

Բոլոր տվյալները աղյուսակների և դիագրամների տեսքով կարող եք տեսնել AMX բլոգում։

Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Ֆոնդային բորսայի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Share