Բաժին. Ֆինանսական

Լույս հիմնադրամ. 2020թ առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հիմնադրամի կողմից հրապարակվել է 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ աշխատանքը: Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

2020 թվականի երկրորդ եռամսյակում նոր կորոնավիրուսի (COVID-19) հարուցած ճգնաժամը ՀՀ տնտեսությունում ձևավորել է խորքային բացասական դրսևորումներ: Արդյունքում, համաձայն 2020 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է տնտեսական անկում 5.7%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1% աճի դիմաց: Ընդ որում, շինարարությունը ձևավորել է -1.5 տոկոսային կետ բացասական նպաստում, ծառայությունները` -1.4 տոկոսային կետ, առևտուրը` -1.2 տոկոսային կետ, իսկ արդյունաբերությունը` -0.3 տոկոսային կետ: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությունը, ապա այն հակազդել է տնտեսական անկմանը 0.1 տոկոսային կետով[1]:

2020 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության մակարդակի անկում` 4.7%-ով: Համեմատության համար նշենք, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել էր աճ` 6.6%-ով: Առաջին կիսամյակի բացասական ՏԱՑ[2]-ը պայմանավորված է առևտրի (-4.1 տոկոսային կետ), ծառայությունների (-1.5 տոկոսային կետ) և շինարարության (-1.2 տոկոսային կետ) ոլորտների անկմամբ։ Տնտեսական ակտիվությանը դրական են նպաստել արդյունաբերության (0.4 տոկոսային կետ) և գյուղատնտեսության (0.2 տոկոսային կետ) աճերը[3]:

Անդրադառնանք առանձին ոլորտների և ենթաճյուղերի դինամիկային:    2020-ի առաջին կիսամյակում արդյունաբերության թողարկումը[4] աճել է 1.5%-ով` նախորդ տարվա 6.9%-ի դիմաց: Ընդ որում, միակ ենթաճյուղը, որտեղ գրանցվել է աճի դրական ցուցանիշ, հանքագործական արդյունաբերությունն է: Վերջինիս ծավալները ավելացել են 24.3%-ով` ձևավորելով դրական նպաստում 4.3 տոկոսային կետով: Սա հիմնականում պայմանավորված է մետաղական հանքաքարի արդյունահանման շոշափելի աճով (24.9%): Մտահոգիչ է այն փաստը, որ մշակող արդյունաբերության ենթաճյուղը կրճատվել է 3.6%-ով` ընդհանուր ոլորտի աճին նպաստելով բացասաբար` -2.4 տոկոսային կետով: Բացասական միտումներ են գրանցվել նաև էներգետիկայի և ջրամատակարարման ենթաճյուղերում, որոնք կրճատվել են համապատասխանաբար 0.5%-ով (նպաստումը` -0.1 տոկոսային կետ) և 20.9%-ով (նպաստումը` -0.3 տոկոսային կետ):

Աճ արձանագրած հաջորդ ոլորտը գյուղատնտեսությունն է և ձկնորսությունը, որի համախառն արտադրանքը 2020-ի առաջին կիսամյակում ավելացել է 1.8%-ով` նախորդ տարվա 6.5% անկման դիմաց: Ընդ որում, ամենամեծ նպաստումը` 1.1 տոկոսային կետ, ձևավորել է անասնաբուծության ենթաճյուղը` աճելով 1.9%-ով: Մյուս կողմից, բուսաբուծության ենթաճյուղը աճել է 1.4%-ով` ընդհանուր ոլորտի աճին նպաստելով 0.5 տոկոսային կետով: Ինչ վերաբերում է ձկնորսությանը, ապա այն նույնպես դրական է նպաստել գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճին՝ 0.2 տոկոսային կետով (աճը՝ 3.0%): Հատկանշական է, որ 2019-ի առաջին կիսամյակում արձանագրվել էր անկում և՛ բուսաբուծությունում, և՛ անասնաբուծությունում (ձկնորսության ենթաճյուղը գրանցել էր աճ):

Ամենամեծ անկումը արձանագրվել է շինարարության ոլորտում. վերջինս 2020-ի առաջին կիսամյակում կրճատվել է 23.4%-ով` նախորդ տարվա 4.7% աճի դիմաց: Անկման ցուցանիշի 8.8 տոկոսային կետը պայմանավորված է կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալների 18.3% նվազմամբ: Բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները կրճատվել են 31.6%-ով` ունենալով 8.6 տոկոսային կետ բացասական նպաստում: Բացասական միտումներ են գրանցվել նաև պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալներում. վերջինիս 22.3% անկումը պայմանավորել է ընդհանուր ոլորտի անկման 5.1 տոկոսային կետը: Հարկ է նկատել, որ պետական շինարարության նվազումը կապված է կառավարության կողմից կապիտալ ծախսերի թերակատարման հետ:

Քանի որ ծառայությունների ոլորտը գտնվել է կարանտինային սահմանափակումների կիզակետում, այստեղ ևս արձանագրվել է շոշափելի անկում: Այսպես, 2020-ի առաջին կիսամյակում ծառայությունների թողարկումը նվազել է 6.4%-ով` նախորդ տարվա 15.6% աճի դիմաց: Անկման 3.4 տոկոսային կետը պայմանավորված է կացության և հանրային սննդի կազմակերպման 42.6% նվազմամբ, 2.9 տոկոսային կետը` տրանսպորտի 25.8% նվազմամբ, իսկ 1.5 տոկոսային կետը` վարչարարական և օժանդակ գործունեության 36.4% նվազմամբ: Ոլորտի անկմանը հիմնականում հակազդել են ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 2.5 տոկոսային կետով (աճը՝ 11.7%), ինչպես նաև տեղեկատվություն և կապը՝ 1.0 տոկոսային կետով (աճը՝ 7.1%)։

2020-ի առաջին կիսամյակում առևտրի շրջանառությունը նվազել է 11.1%-ով` նախորդ տարվա 8.9% աճի դիմաց: Մանրածախ առևտրի 14.2% անկումը ընդհանուր ոլորտի կրճատմանը նպաստել է 6.8 տոկոսային կետով, իսկ մեծածախ առևտրի 8.0% անկումը` 3.9 տոկոսային կետով: Նկատենք, որ բացի մանրածախ և մեծածախ առևտրից, առևտրի ոլորտը ներառում է ևս մեկ գործունեության տեսակ, այն է` ավտոմեքենաների առևտուրը[5]: Վերջինս 2020-ի առաջին կիսամյակում կրճատվել է 10.2%-ով` ձևավորելով բացասական նպաստում` -0.4 տոկոսային կետով:

Պահանջարկի տեսանկյունից` 2020-ի հունվար-հունիս ամիսների բացասական ՏԱՑ-ը պայմանավորված է վերջնական սպառման ծախսերի և հիմնական միջոցների համախառն կուտակման կրճատմամբ: Այսպես, առաջին կիսամյակում վերջնական սպառումն իրական արտահայտությամբ նվազել է5.4%-ով: Ընդ որում, մասնավոր սպառումը նվազել է 7.7%-ով, իսկ պետական սպառումը խթանող հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով աճել է 11.5%-ով: Մյուս կողմից, 2020-ի հունվար-հունիս ամիսներին կապիտալ ներդրումները իրական արտահայտությամբ նվազել են շուրջ 16.4%-ով՝ հիմնականում պայմանավորված մասնավոր և պետական շինարարության ծավալների զգալի նվազմամբ:

Պահանջարկի թուլացմանը որոշակիորեն հակազդել է առևտրային հաշվեկշռի բարելավումը 19.4%-ով: Սակայն այս արդյունքը կապված է ոչ թե տնտեսության մրցունակության բարձրացման հետ, այլ հետևանք է հետևյալ պարզ իրողության. հաշվետու ժամանակահատվածում ներմուծումը կրճատվել է ավելի մեծ չափով, քան արտահանումը: Իսկապես, 2020-ի առաջին կիսամյակում արտահանումը դոլարային արտահայտությամբ նվազել է 6.5%-ով, իսկ ներմուծումը` 12.9%-ով: Արտաքին ապրանքաշրջանառության անկումը պայմանավորված է համավարակի գլոբալ բնույթով, որի ներքո կրճատվել է արտաքին պահանջարկը` հայկական ապրանքների նկատմամբ, ինչպես նաև ՀՀ տնտեսության ներքին պահանջարկը` արտասահմանյան ապրանքների նկատմամբ:

2020-ի առաջին կիսամյակում միջին գնաճը ՀՀ տնտեսությունում կազմել է 0.5%` նախորդ տարվա 2%-ի դիմաց: Ինչ վերաբերում է 12-ամսյա գնաճին, ապա այն հունիսի դրությամբ գնահատվել է 1.7%` նախորդ տարվա 2.5%-ի դիմաց: Նկատենք, որ գնաճի փաստացի ցուցանիշը գտնվում է ԿԲ-ի սահմանած թիրախային միջակայքից[6] դուրս` ստորին ուղղությամբ: Սա ևս մեծ մասամբ պայմանավորված է համավարակով, որը հանգեցրել է թույլ պահանջարկի ինչպես ՀՀ տնտեսությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հաշվի առնելով այս հանգամանքը` 2020 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ ԿԲ-ն իրականացրել է խթանող դրամավարկային քաղաքականություն՝ ապրիլին վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելով 0.25 տոկոսային կետով, իսկ հունիսին՝ ավելի կտրուկ՝ 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 4.5%։

2020-ի հունվար-հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4%-ով` կազմելով 186,410 դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում աճել է 8.3%-ով` կազմելով 162,011 դրամ, իսկ ոչ պետականում` 3.8%-ով՝ կազմելով 198,323 դրամ: Ինչ վերաբերում է իրական աշխատավարձին, ապա այն 0.5% միջին գնաճի պայմաններում աճել է 4.9%-ով:

Հարկաբյուջետային ազդակի մասով նշենք, որ համախառն պահանջարկի վրա ֆիսկալ քաղաքականության ազդեցությունը 2020 թվականի առաջին կիսամյակում գնահատվել է ընդլայնող (4.2)` պայմանավորված եկամուտների չեզոք (-0.2) և ծախսերի ընդլայնող (4.4) ազդեցություններով:

————

[1] Տնտեսական աճի ցուցանիշը՝ -5.7%-ը, ստանալու համար անհրաժեշտ է նաև հաշվի առնել ֆինանսական միջնորդության անուղղակի չափվող ծառայությունների (ՖՄԱՉԾ) նպաստումը՝ -0.2 տոկոսային կետ, ինչպես նաև զուտ անուղղակի հարկերի նպաստումը՝ -1.2 տոկոսային կետ: Այսպիսով, – 5.7 = – 1.5 – 1.4 – 1.2 − 0.3 + 0.1 – 0.2 – 1.2:

[2] Ի տարբերություն տնտեսական աճի` տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) ներկայացնում է համախառն թողարկման, այլ ոչ թե համախառն ավելացված արժեքի աճը տվյալ ժամանակահատվածում:

[3] ՏԱՑ-ի արժեքը՝ -4.7%-ը, ստանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել այլ գործոնների դրական նպաստումը՝ 1.5 տոկոսային կետով: Այսպիսով, – 4.7 = – 4.1 – 1.5 – 1.2 + 0.4 + 0.2 + 1.5:

[4] Նկատենք, որ արդյունաբերությունում ստեղծված համախառն ավելացված արժեքը նույնպես կրճատվել է:

[5] Սույն ցուցանիշը ներառում է միայն մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

Հաշվետվությունն ամբողջությամբ

Share