Բաժին. Ֆինանսական

ԱրարատԲանկը ներկայանում է նոր հայեցակարգով, նոր մոտեցումներով և նոր գույներով

Սեպտեմբերի 24-ին, ԱրարատԲանկի ներկայացուցիչները Թեղենիս լեռան գագաթին պաշտոնապես հայտարարեցին Բանկի վերաբրենդավորման գործընթացի մեկնարկի մասին:

Թեղենիս լեռան գագաթի ընտրությունը պատահական չէր, քանի որ այստեղից երևում են համայն հայության կարևոր խորհրդանիշերը՝ Արագածի չորս գագաթները, Արա լեռը, Գեղամա լեռնաշղթան, Սևանա լիճն ու Արարատը:  Այս յուրահատուկ միջավայրում ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը, ողջունելով ներկաներին հայտնեց, որ ԱրարատԲանկն այսօրվանից ներկայանալու է նոր գույներով, հայեցակարգային փոփոխություններով, նոր ռազմավարությամբ և մոտեցումներով՝ հավատարիմ մնալով իր վեհ և անփոփոխ ԱՐԱՐԱՏ անվանմանը.

«Այսօր մենք ձեզ հետ միասին ազդարարում ենք մի նոր գործընթացի մեկնարկ՝ վերափոխվում ու վերաիմաստավորում ենք մեր նպատակները, արժեքներն ու մոտեցումները: Այսօր, ներկայացնելով վերաբրենդավորված ԱրարատԲանկը, մենք մի նոր պատասխանատվություն ենք ստանձնում: Ժամանակակից ծառայությունների մատուցմամբ, առաջադեմ թվային տեխնոլոգիաների ու սպասարկման նոր մոտեցումների կիրառմամբ՝ մենք մարդակենտրոն բանկ դառնալու հայտ ենք ներկայացնում»:

ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ Բանկն իր զարգացման նոր տեսլականը մշակել է՝ հաշվի առնելով Ժամանակակից տեխնոլոգիաների ու արագ զարգացող թվային բանկինգի կարևորությունը, ինչն արտացոլվելու է կառույցի հետագա գործունեությունում.

«Բանկի ավանդական ընկալումներն անցյալում  են. այն հիմա դարձել է միասին զարգանալու հնարավորություն, որում գլխավորը փոխվստահությունն է: Ամեն ինչ սկսվում է գաղափարից և յուրաքանչյուր գաղափարի իրականացման հաջողության գաղտնիքը  think big-ն է: Մենք չպետք է մտածենք փոքր բաների մասին. եկեք լինե´նք ռեալիստ և անե´նք անհնարինը»:

Այնուհետև, ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանն ու Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը Բանկի թիմի և հյուրերի ներկայությամբ Թեղենիսի գագաթին բարձրացրեցին ԱրարատԲանկի նոր գույներով դրոշը՝ ի նշան միասին նոր բարձունքների նվաճման և ԱրարատԲանկի պատմության նոր փուլի սկիզբ:

ԱրարատԲանկի վերաբրենդավորման միջոցառումների շարքը շարունակվեց Ծաղկաձորի «Արարատ ռեզորթ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում՝ «Փոխվստահությունն ու պատասխանատվությունը՝ ժամանակակից բանկի հիմնարար արժեքներ» թեմայով Fishbowl ձևաչափի քննարկմամբ:

Ներկաներին՝ ֆինանսական ոլորտի, միջազգային կազմակերպությունների, բանկային համակարգի, ԶԼՄ-ի ներկայացուցիչների և ԱրարատԲանկի թիմին  բանախոսները ներկայացրեցին ԱրարատԲանկի զարգացման նոր տեսլականն ու մասնակիցների հետ քննարկեցին ՀՀ-ում Ժամանակակից բանկային ծառայությունների առանձնահատկություններին, դրանց զարգացման հեռանկարներին, ռիսկերին ու կառավարման մոդելներին, նորարարական տեխնոլոգիաների ազդեցությանը բանկային համակարգի զարգացման վրա, ինչպես նաև բանկ-հաճախորդ հարաբերություններում փոխվստահության և պատսախանատվության կարևորությանը վերաբերող թեմաներ:

Իր ելույթում Մհեր Անանյանը նշեց, որ «Բարձրանում ենք միասին» գաղափարախոսությունը բանկ-հաճախորդ, բանկ-աշխատակից, բանկ-պետություն և բանկ-գործընկեր վստահելի ու ամուր փոխհարաբերությունների հիմքն է, այն միայն կարգախոս չէ, այլև փիլիսոփայություն, կենսաոճ ու մտածելակերպ.

«Մենք ուզում ենք սկիզբ դնել  Հայաստանում բանկային մի նոր մշակույթի ձևավորմանը: Համագործակցության տեսանկյունից, եթե ուզում եք վստահելի միջավայր, ապա  բանկն այդ կառույցն է, եթե ուզում եք զարգանալ, առաջ գնալ, ապա  բանկն այդ կառույցն է, եթե ուզում եք հեռանկարային աշխատանք, միշտ մոտիվացված թիմ, ապա  բանկն այդ  կառույցն է, եթե ուզում եք բարձունքի ճանապարհի վստահելի գործընկեր, ապա բանկն այդ կառույցն է: Պետության համար էլ բանկերն ամենակարևոր ինստիտուտներն են, որովհետև  դրանք  են շարժիչ ուժը  թե´ ֆինանսական կայունության, թե´ տնտեսության զարգացման և թե´ ֆինանսավարկային քաղաքականության իրականացման համար: Բանկն այն կառույցն է, որի շնորհիվ միտքն ու գաղափարը դառնում են իրականություն: Մենք արդեն արել ենք առաջին քայլը և շարունակելու ենք բարձրանալ միասին՝ մեր միասնության մեջ ներառելով բոլորին»,-հավելեց Մհեր Անանյանը:

Արարատ բանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ Ֆինանսական սեկտորի առողջությունը նպաստում է մեզանից յուրաքանչյուրի զարգացմանը, և կարևորեց նոր ժամանակի բանկերի պահանջներով ու մարտահրավերներով առաջնորդվելը:

«Մեր բանկը դառնալու է մի հաստատություն, որն ակտիվ ներդնելու է նորագույն տեխնոլոգիաներ և հետևելու է գլոբալ տենդենցներին:  Իսկ դրանք էկոարդյունավետ ֆինանսական լուծումներն են, որոնց հիմքում էկո-պատասխանատվությունն է: Այս համատեքստում ավանդական բանկը դառնում է green bank, որի գործունեության կենտրոնում մարդն ու մոլորակն են»:

Fishbowl քննարկումն ամփոփվեց Արարատ բանկի խորհրդի անդամ, Braind ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանի ելույթով, ով ավելի մանրամասն ներկայացրեց ԱրարատԲանկի վերաբրենդավորման հայեցակարգն ու վիզուալ փոփոխությունները.

«Արարատը յուրաքանչյուրիս համար մեր գաղափարներն ու երազանքներն իրականացնելու, անհնարինը հնարավոր դարձնելու խորհուրդն է: Իսկ ինչ վերաբերում է վիզուալիզացիային՝ մինիմալիստական ոճով մշակված Բանկի նոր լոգոտիպը խորհրդանշում է Արարատ լեռը, որը պատկերված է վեր բարձրացող երկու սյունաձև սիմվոլով: Որպես բրենդային նոր գույներ ընտրել ենք սևն ու դեղինը. սևը հաղորդում է հավասարակշռություն և խստություն, իսկ դեղինը խորհրդանշում է լույս, թեթևություն, շարժում ու դինամիկա»:

Միջոցառման ավարտին հյուրերին ներկայացվեց ԱրարատԲանկի իմիջային նոր հոլովակն ու ամբողջական կարգախոսը. «Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու: Բարձրանում ենք միասին»:

Share