Ֆինանսական

Տիգրան Ջրբաշյանը՝ դրամի արժեզրկման պատճառների մասին

«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի կարծիքով՝ Հայաստանում դրամի արժեզրկման հարցում էական դեր ունի քաղաքական անորոշությունը, որը դժվարացնում է տնտեսական մարտահրավերներին արձագանքելը: Մասնագետը նման տեսակետ հայտնեց «Դրամի արժեզրկումը և տնտեսական դաշտի խնդիրները» թեմայով առցանց քննարկմանը:

Ջրբաշյանը ներկայացրեց հիմնական մարտահրավերները, որոնք, ըստ նրա, կբացատրեն արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները: Նա նշեց, որ տնտեսության զարգացման պոտենցիալի տեսակետից առաջնային մարտահրավերը մարդկային կապիտալն է: Ըստ նրա՝ պատերազմն էլ ավելի է լրջացրել այս խնդիրը:

«Հաջորդ պարամետրը, որ բնորոշում է տնտեսության պոտենցիալը, կապիտալի առկայությունն է, ինչն էլ գտնվում է շատ բարդ իրավիճակում՝ հաշվի առնելով, որ հետպատերազմյան երկրները, որպես կանոն մասնավոր ներդրումների սահմանափակ ծավալ ունեն: Եվ ակնկալել, որ մենք կունենանք արտասահմանյան ուղղակի ներդրումների աճ, քիչ հավանական է: Մյուս կողմից անորոշությունները բերում  են նրան, որ կարող է կապիտալի արտահոսքի խնդիր ունենանք»,-ասաց Ջրբաշյանը:

Ըստ նրա՝ վերաիմաստավորումը պետք է սկսվի մեր պետբյուջեի վերանայումից: Ջրբաշյանի կարծիքով՝ քաղաքական անորոշությունն էլ ազդում է նրա վրա, որ հասարակությունը, տնտեսական իշխանությունները չեն կարողանում արձագանքել այն մարտահրավերներին, որոնք դեռ առջևում են: «Եվ այդ ֆակտորը քաղաքական անորոշությունները վերածում է տնտեսական խնդիրների, տնտեսական ֆունդամենտալիզմի՝ փոխարժեքի հետ կապված: Եթե քաղաքական անորոշություններն իրենց ամպլիտուդայով փոքր են, նմանատիպ ազդեցություն հնարավոր է ունենան կարճաժամկետ կտրվածքով: Բայց, երբ այդ անորոշությունները բերում են պետության անկարողությանը՝ արձագանքել լուրջ տնտեսական մարտահրավերներին, այդ անորոշությունները դառնում են արդեն տնտեսական ֆակտորներ, որոնք լուրջ ազդեցություն ունեն»,-ասաց նա ու հավելեց, որ այլ գործոններ ևս կան:

Օրինակ, որ տարիներ շարունակ պահպանվել է ցածր սղաճ՝ մրցակիցների նկատմամբ, արտարժույթն ամրացել է՝ ՀՀ-ի առևտրային գործընկերների նկատմամբ, ինչի արդյունքում վնաս է կրել արտահանման պոտենցիալը:

Վերջին շրջանում Հայաստանում դրամն արժեզրկվում է: Կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 16-ին սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.19 դրամով և կազմել 524.90 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.29 դրամով և կազմել 640.64 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 7.16 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 9.93 դրամով և կազմել 709.51 դրամ:

Share