Ֆինանսական

ԿԺԴՀ-ի իշխանություններն սկսել են արգելել արտարժույթի գործածումը

ԿԺԴՀ-ի իշխանություններն սկսել են արգելել հաշվարկների ժամանակ կայուն արտարժույթի գործածումը, թեեւ մինչեւ հիմա դրա կիրառումը երկրում փաստորեն չի սահմանափակվել: Դա կարող է լինել երկրի մանրածախ շուկայում գործառնությունների վերահսկողության ուժեղացման գործընթացի մի մասը, դեկտեմբերի 29-ին հայտնել է ճապոնական Asahi թերթը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարական աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ հաշվարկների ժամանակ դոլարի եւ յուանի օգտագործումը դադարեցնելու մասին ցուցումն ստացել են ավելի քան 500 ազատ շուկաների ղեկավարները, որոնց միջոցով է տեղի ունենում ԿԺԴՀ-ում մանարածախ առեւտրի հիմնական զանգվածը: Նաեւ կա տեղեկատվություն խոշոր ընդհատակյա ձեռնարկչի կալանքի եւ մահապատժի մասին, որը Փհենյանում վերահսկել է արժույթի փոխանակման զգալի մասը:

ԿԺԴՀ-ում սկզբնապես գործել է ապրանքների եւ պարենի բաշխման սոցիալիստական քարտային համակարգը: Սակայն այն 1990-ական թվականներին քայքայվեց սուր տնտեսական ճգնաժամի եւ բազմաթիվ տարերային աղետների հետեւանքով:

Դրա հետեւանքով իշխանություններն սկսեցին մատների արանքով նայել ազատ շուկաների ձեւավորմանը եւ երկրում արտարժույթի շրջանառությանը, քանի որ դա կարող Էր կայունացնել տնտեսությունը եւ լուծել սովի խնդիրը: ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ունը, նշում է Asahi-ն, իրականացրել է բարենորոգումներ, որոնց ընթացքում ձեռնարկություններին եւ գյուղացիներին թույլատրվել է ազատ իրացնել իրենց արտադրանքի մինչեւ 70 տոկոսը: Դա նաեւ նպաստել է երկրում ազատ շուկայական տնտեսության ձեւավորմանը, որն այժմ ԿԺԴՀ-ի իշխանությունները, ինչպես կարծում են Սեուլում, ցանկանում են վերցնել ավելի մեծ հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share