Բաժին. Ֆինանսական

Հայաստանի ֆոնդային բորսա. Պետական պարտատոմսերի պահանջարկը շարունակում է մնալ բարձր

Հայաստանի ֆոնդային բորսայում հունվարի 12-ին և 13-ին տեղի են ունեցել  22․5 մլրդ դրամ ընդհանուր բավարարված ծավալով պետական պարտատոմսերի աճուրդներ։ Աճուրդների միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.6814%, կտրման եկամտաբերությունը՝ 9.9607%։ Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8% է, մարման ժամկետը՝ 10 տարի, վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։

Հունվարի 12-ին կայացած AMGB1129A316 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 20 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 24 մլրդ դրամ, որը վկայում է  ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։ Հատկանշական է նաև այն, որ համեմատաբար կայուն եկամտաբերության պարագայում ներդրողները շարունակում են իրենց միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ պետական պարտատոմսերում։

Հունվարի 13-ին կայացած տեղաբաշխման լրացուցիչ աճուրդի ընթացքում  տեղաբաշխվել է ևս  2․5 մլրդ ծավալի նշյալ թողարկման  պարտատոմս։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ gp.minfin.am-ը պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի հարթակ է, որի օպերատորը Հայաստանի ֆոնդային բորսան է։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է՝ հանդիսանալով նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Share