Ֆինանսական

ՀԲՄ-ում լիզինգի ինստիտուտը բարելավող օրենսդրական փաթեթի կլոր սեղան-քննարկում է անցկացվել

Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Հայաստանի բանկերի միությունում կայացել է «Լիզինգի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները և առկա խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում:

Համապատասխան օրենսդրական փաթեթը մշակած Գործարարության աջակցության հայաստանյան գրասենյակի և ՎԻՆԿ խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները լիզինգ տրամադրող առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ներկայացրեցին փոփոխությունների մանրամասները: Օրենսդրական փաթեթը մշակվել է համադրելով միջազգային փորձի ուսումնասիրությունը, տեղական լիզինգատուներից և փորձագետներից ստացված տեղեկատվությունը և առաջարկները:

Նշենք, որ լիզինգի օրենսդրական դաշտը բարելավող օրենսդրական նախագծերի փաթեթն ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թ. հունիսի 18-ին և ուժի մեջ մտել հուլիսի 1-ից:

Կողմերը քննարկեցին նաև լիզնգի կարգավորման նոր լուծումների արդյունքում արձանագրված ձեռքբերումներն ու առկա խնդիրները և օրենսդրության հետագա բարելավմանն ուղղված մի շարք հարցեր:

Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ լիզինգի բնագավառում ընթացակարգերի հստակեցումը և պարզեցումը միտված է գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների խրախուսմանն, ինչպես նաև արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման համար նախապայմանների ստեղծմանը:

Share