Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյան. սթրես թեստի հիմքում դրվել է ապոկալիպտիկ սցենար

Հունիսի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացել է 2020 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիս։ Ասուլիսը վարել է Մարտին Գալստյանը։ Վերջում ԿԲ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին։

Ի պատասխան՝ սթրես թեստերն իրականացնելիս ինչ սցենար է դիտարկվել հարցին Գալստյանն ասել է.

«Սցենարը մոտավորապես ապոկալիպտիկ սցենար է, որ մենք անցնում ենք համավարակի մի նոր փուլով, որ ծայրահեղ, նորից լոքդաունի են գնում, տնտեսություն նորից փակվում է, ու այդ ստեղծված իրավիճակում մեր անկումը 2021թ. ընթացքում լինում է 14%, նախորդ տարվա -7.4%-ի փոխարեն, իր բոլոր հնարավոր ածանցյալ հետևանքներով։ Այս տիպի ապոկալիպտիկ սցենար ենք դրել»։

Եվ ի պատասխան՝ ինչով է պայմանավորված վարկերի նկատմամբ պահանջարկի նվազումը, եթե իշխանությունները պնդում են, որ երկրում տնտեսությունը վերականգնվում է, հարցին Գալստյանը նշել է.

«Կարելի է ասել, որ տնտեսությունը սկսում է շնչել։ Մենք տեսնում ենք, որ միգուցե մարդկանց մոտ նաև ինչ-որ հետաձգված սպառման էֆեկտ կա, այսինքն, մարդիկ այս պահի դրությամբ նախընտրում են, եթե օրինակ լվացքի մեքենա կամ հեռուստացույց պետք է փոխեին կամ նորը պետք է ձեռք բերեին, չանեն, սպասեն մինչև եկամուտները վերականգնվեն, որ դիմեն վարկի, որպեսզի ավելի խելամիտ լինի իրենց կողմից ֆինանսների կառավարումը։ Այդ կոմպոնենտն այս 22.5% անկման մեջ էական է»։

Ներբեռնել հաշվետվությունը

Share