Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյան. ԿԲ-ն 2020 թվականի շոկային իրավիճակում կարողացել է ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը

Հայաստանում ֆինանսական համակարգը 2020 թվականին գործել է համավարակով և պատերազմով պայմանավորված  աննախադեպ շոկերի ու բարձր անորոշության պայմաններում: Հունիսի 3-ին 2020 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը:

«Չափազանց ծանր տարի էր ֆինանսական համակարգի համար, բայց ի պատիվ համակարգի, ուզում եմ փաստել, որ ապահովել է ֆինանսական միջնորդության անխափան ընթացքը՝ պահպանելով  ռիսկերի կլանման  ունակությունը: Այսինքն` համակարգը կապիտալիզացված էր և իրացվելի, մենք էլ ենք որոշակի օժանդակության ծրագրեր իրականացրել, որի արդյունքում բնականոն անցել ենք 2020 թվականը, չնայած որ այդ տարին շատ ու շատ բարդ էր»,- ասաց Գալստյանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ տնտեսությունը կրել է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունները` սկսած 2020 թվականի մարտից:

«Դրսևորված շոկերը մեծ մարտահրավերներ էին ստեղծել նաև ֆինանսական համակարգի համար, որի արդյունքում Կենտրոնական բանկը, ըստ էության, նպատակ է հետապնդել  Սահմանադրությամբ ամրագրված ֆինանսական միջնորդություն կամ կայունություն ապահովել, որը իրականացվում է ֆինանսական միջնորդության անընդհատության  միջոցով»,- ասաց Գալստյանը:

Ներբեռնել հաշվետվությունը

Share