Բաժին. Ֆինանսական

Պետական պարտքը հատել է այն շեմը, որը գնահատվում է որպես կառավարելի միջակայք

Կառավարությունը կարծում է, որ առաջիկա  5 տարում տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ պարտքի բեռը նվազի և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց  ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարն ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:

Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 2020-ին պետբյուջեն հաստատվել էր՝ հիմք ընդունելով 2019-ի լավատեսական արձանագրումները, սակայն համավարակը և պատերազմը փոխել են տնտեսական զարգացումների նկատմամբ սպասումները: Տարվա ընթացքում ինչպես աշխարհի բոլոր պետությունները, այնպես էլ Հայաստանը վերանայել են հարկաբյուջետային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով տնտեսական անկման ժամանակահատվածին: Մոտ 215 մլրդ դրամ գումարի չափով հակաճգնաժամային միջոցառումների բյուջե է նախանշվել: Սակայն ամբողջը չի օգտագործվել: «Հարկ է նկատել, որ մենք այդուհանդերձ չենք շեղվել ոլորտային քաղաքականությունների՝ կառավարության ծրագրից բխող տրամաբանությունից»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Տնտեսական անկման մեծությունը ներկայացված փաստաթղթով եղել է  7.6 տոկոս, որից հետո վիճակագրության վերանայմամբ պայմանավորված՝ թարմացված տեղեկության համաձայն այն կազմել է 7.4 տոկոս: Ջանջուղազյանը հիշեցրեց՝ անցյալ տարի բյուջեն վերանայելիս տեսակետներ էին հնչում, որ երկնիշ անկումն անխուսափելի է: «Սա ընդամենը հիշեցում էր, որ մեր երկրում այդ պայմաններում անկումը եղել է 7.4 տոկոս»,-ասաց նա:

Միջին գնաճը գտնվել է կառավարելի միջակայքում, կազմել 1.2 տոկոս: Անդրադառնալով ծրագրային ցուցանիշներին՝ նա ասաց, որ եկամուտների մակարդակը փոփոխությունների արդյունքում ճշտվել է շուրջ 141 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրլն  563 մլրդ դրամ՝ ի սկզբանե ծրագրված 1 տրլն 695 մլրդ դրամի փոխարեն: Ծախսերը ոչ միայն չեն նվազել, այլ նաև աճել են՝  1 տրլն 989 մլրդ դրամ, դեֆիցիտը նույնպես աճել է: «Մենք փաստացի արձանագրել ենք 1 տրլն 561 մլրդ դրամ եկամուտներ, 1 տրլն  895 մլրդ դրամ ծախսեր և 334 մլրդ դրամ դեֆիցիտ»,-ասաց Ջանջուղազյանը:

Պետական պարտքը կազմել է շուրջ 7 մլրդ 969 մլն դոլար, որի շրջանակում կառավարության պարտքը եղել է 7 մլրդ 509 մլն դոլար: «Պարտքը իր հավանական մեծությամբ, հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, որը գնահատվում է որպես կառավարելի միջակայք: Այդուհանդերձ մենք շատ չենք խորացրել խնդիրները պարտքի բնագավառում և կարծում ենք, որ առաջիկա  5 տարում մեր տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ մեր պարտքի բեռը նվազի և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը ունի նշանակալի կշիռ՝ 5 մլրդ 593 մլն դոլար:

Share