ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ևս երկու տարի կպաշտոնավարի որպես Ֆինանսական կայունության խորհրդի ԱՊՀ տարածաշրջանային խորհրդակցական խմբի համանախագահ՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոյիսեևի հետ միասին:
ԱՊՀ տարածաշրջանային խորհրդակցական խմբի անդամներն են Հայաստանի, Բելառուս, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ֆինանսական ոլորտի պաշտոնատար անձինք: Շվեյցարիան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրավիրված են Խմբի նիստերին` որպես մշտական դիտորդներ:
Ֆինանսական կայունության խորհուրդը (ՖԿԽ) միջազգային մարմին է, որը մշտադիտարկում և առաջարկություններ է ներկայացնում համաշխարհային ֆինանսական համակարգի վերաբերյալ:
ՖԿԽ-ն նպաստում է միջազգային ֆինանսական կայունությանը` համակարգելով ազգային ֆինանսական մարմինների և միջազգային ստանդարտներ սահմանող մարմինների աշխատանքները, որոնք աշխատում են ուժեղ կարգավորիչ, վերահսկողական և ֆինանսական ոլորտի այլ քաղաքականությունների մշակման ուղղությամբ: ՖԿԽ-ն խթանում է հավասար մրցակցային պայմաններ` խրախուսելով այդ քաղաքականությունների համահունչ իրականացումը համապատասխան ոլորտներում և իրավասությունների ներքո:
ՖԿԽ-ն, գործելով իր անդամ երկրների միջոցով, ձգտում է ամրապնդել ֆինանսական համակարգերը և բարձրացնել միջազգային ֆինանսական շուկաների կայունությունը: Այս օրակարգի իրականացման համար մշակված քաղաքականություններն իրականացվում են մասնակից երկրների իշխանությունների կողմից:
ՖԿԽ-ի նախագահն ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի փոխնախագահ Ռանդալ Քուարլսն է, իսկ տեղակալը՝ Նիդեռլանդների բանկի նախագահ Քլասս Նոթը:
Ֆինանսական կայունության խորհրդի մասին ավելին՝ https://www.fsb.org/about/
Նշենք, որ Ֆինանսական կայունության խորհրդի ԱՊՀ տարածաշրջանային խորհրդակցական խմբի 8-րդ նիստն անցկացվել է 2018 թ-ի դեկտեմբերի 11-ին: