Ֆինանսական

Հայաստանի ֆոնդային բորսայի 2021-ի առաջին կիսամյակն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսայի առաջին կիսամյակի ամփոփ տվյալները 2019-2021 թվականների ընթացքում ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալի համեմատական աճ։

Պետական պարտատոմսերի առևտրի ընդհանուր ծավալն առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 30,7 մլրդ դրամ՝ 2019-ի համեմատ գրանցելով 27% աճ, իսկ 2020-ի համեմատ՝ 46% անկում։ Պետական պարտատոմսերով կնքվել է 407 գործարք։

Պետական պարտատոմսերի շուկայի ծավալը (market value) նույն ժամանակահատվածի համար հատել է 1 տրիլիոն դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 35%-ով։ Պետական պարտատոմսերով գործարքների քանակը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 95%-ով։ 

Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայական և թե՛ առևտրի ծավալը պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի առաջին կիսամյակի շուկայի ծավալը կազմել է ավելի քան 488 մլրդ դրամ, որը 31%-ով առավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 

Առևտրի ծավալը 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 11%-ով՝ անցնելով 16 մլրդ դրամի շեմը։ 2018 թ-ի առաջին կիսամյակի համեմատ 2021 թ-ի ցուցանիշն աճել է ավելի քան 2 անգամ։ Գործարքների քանակը գրեթե հավասար է նախորդ տարվա ցուցանիշին, իսկ գործարքների միջին ծավալն աճել է 11%-ով։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 109-ի։

Ռեպո գործարքների՝արդյունավետ ֆինանսական գործիք լինելու մասին վկայում է այն հանգամանքը, որ 2018 թվականի առաջին եռամսյակում գործարքների ընդհանուր ծավալը կազմում էր  մոտ 1,7 մլրդ դրամ, իսկ այսօր այն գրեթե 8 անգամ ավելին է և կազմում է 14 մլրդ դրամ։  Այս ցուցանիշը 16%-ով ավելի բարձր է նախորդ տարվա կիսամյակի ցուցանիշից, իսկ 2019 թ-ի 1-ին կիսամյակի համեմատ աճել է 4 անգամ։

Ռեպո գործարքների քանակը նախորդ տարվա I կիսամյակի համեմատ աճել է 32%-ով, իսկ գործարքների միջին ծավալը՝ 12%-ով։ 

Բաժնետոմսերի առևտրի ծավալն առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է՝ հասնելով 116 մլն դրամի։ Շուկայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 7%-ով՝ հասնելով 159 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը աճել է 9 անգամ՝ հասնելով 146-ի։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Share