Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ-ը Գեղարքունիքի մարզում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում և Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում գործող հանրային սննդի և հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ:

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանի տեղեկացմամբ՝ հանդիպման նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու ռիսկերը և դիտարկել կարգավորման ուղիները: Հարկ վճարողներին ներկայացվել են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու ճանապարհով իրացման շրջանառությունների, տարածքների վարձակալության վարձավճարների, աշխատավարձի իրական չափերի թերհայտարարագրման, ինչպես նաև չձևակերպված աշխատակիցների (այդ թվում՝ հրավիրված մատուցողներ, երաժիշտներ) գծով ռիսկային երևույթները: Անդրադարձ է եղել նաև անապրանք փաստաթղթերով գործարքների և առանց հաշվարկային փաստաթղթերի ձեռքբերումների մասով ռիսկային երևույթներին: Տարածաշրջանում հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ներ­կա­յացվել է նաև սեզոնայնության հետ կապված իրականացվող վարչարարությունը:

Ոչ բարեխիղճ հարկային վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին հորդորվել է ամբողջութ­յամբ հայտարարագրել իրացման շրջանառությունները, կարգավորել փաստաթղթա­վորման հետ կապված խնդիրները և վերացնել մնացած բոլոր ռիսկային երևույթ­ները՝ խուսափելու համար պատասխանատվության միջոցներ ենթադրող հարկային վարչարարության գործիքների կիրառումից:

Հանդիպումն ընթացել է ակտիվ երկխոսության մթնոլորտում: Հարկ վճարողները պատրաստակամություն են հայտնել շտկել թերացումները:

Share