Categories: Ֆինանսական

Երկարաձգվել են խաղողի մթերումների համար տրվող վարկերի ժամկետները

Գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշում: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում գյուղատնտեսական հումքի, մասնավորապես խաղողի մթերումների (գնումների) գործընթացն ապահովելու նպատակով պետական օժանդակության տրամադրման, ինչպես նաև տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության բարելավման անհրաժեշտությամբ:

Նշվել է, որ առաջարկվող փոփոխությունների շարքում առավել կարևորն այն է, որ խաղողի մթերումների համար տրվող վարկերի ժամկետը երկարաձգվում է 1 տարուց մինչև 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչև 1 տարի: Նպատակն է՝ խթանել մթերման ծավալների ավելացումը, մթերված խաղողի դիմաց ֆերմերներին վճարման գործընթացի ավելի արագ կազմակերպումը, ինչպես նաև արտահանումը: Նախարարի խոսքով՝ թարմ գյուղմթերքի մթերման ներկայիս ցուցանիշը մոտավորապես 145 000 տ է, ինչպես և նախորդ տարի, ակնկալվում է մինչև տարեվերջ գերազանցել 200 000 տ սահմանները: Վ. Քերոբյանը նաև տեղեկացրել է, որ Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում նախատեսվում է հաստատել գյուղատնտեսության ոլորտում խոշոր ներդրումային ծրագիր՝ 3.5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Ծրագիրն իրականացնելու է «Էմ Էռ Ինվեստ» ընկերությունը, նախատեսվում է հիմնել 100 հա ինտենսիվ այգի:

Ծավալվել է մտքերի փոխանակություն գյուղարտադրանքի մթերման, արտահանման գործընթացի արդյունավետ կազմակերպման և ընդհանրապես գյուղոլորտին պետական աջակցության գործիքակազմի շուրջ:

Զեկուցվել է, որ ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և ակնկալվում է, որ այս տարի մթերումների հետ կապված խնդիր չի լինի: Փոխվարչապետ Պապիկյանը կարևորել է պատկան գերատեսչությունների ամենօրյա աշխատանքը՝ մթերման գործընթացը պատշաճ կազմակերպելու և վերահսկելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է գյուղոլորտին պետական աջակցության գործիքակազմին՝ այս առումով Ֆինանսների նախարարը նշել է, որ վերամշակող կազմակերպություններին պետական օժանդակության փաթեթն անցած տարի ընդլայնվել է՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ, բայց նկատի առնելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարը գնալով ավելի արդյունավետ է դառնում՝ առաջ է գալիս այս գործիքակազմը վերանայելու և ավելի թիրախային դարձնելու անհրաժեշտություն: Ամփոփելով քննարկումը՝ նշվել է, որ օժանդակության այս միջոցառումները ժամանակավոր են և պայմանավորված են երկրի տնտեսական, համաճարակային իրավիճակով: Առաջիկայում Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ներկայացնի աջակցության այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն տարբեր ուղղությունների զարգացմանը: Այս համատեքստում փոխվարչապետը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն շահագրգիռ բոլոր գերատեսչությունները:

Share